Տնտեսություն 

Խոշոր գործարարներն ու ԶԼՄ-ները հրաժարվում են մասնակցել Սաուդյան Արաբիայում կայանալիք բիզնես-ֆորումին

Գործարարներն ու ԶԼՄ-ները հրաժարվում են մասնակցել Սաուդյան Արաբիայում կայանալիք խոշոր տնտեսական ֆորումին, որը հայտնի է «Դավոս՝ անապատում» անունով:

Ինչպես հայտնել է J.P.Morgan-ի մամուլի ծառայությունը, բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմ Դայմոնը չի մասնակցելու Էր Ռիյադում հաջորդ շաբաթ կայանալիք միջոցառմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Ford Motor-ը, փոխանցում է CNBC-ն:

Ֆորումին մասնակցելուց հրաժարվել են նաև CNBC, Financial Times, CNN և The New York Times լրատվամիջոցները:

ԱՄՀ ղեկավար Քրիստիան Լագարդը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ամեն դեպքում նշել են, որ մեկնելու են Սաուդյան Արաբիա:

Փորձագետները կարծում են, որ մի շարք ընկերություններ և ԶԼՄ-ները հրաժարվել են Սաուդյան Արաբիա մեկնել՝ կապված ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի աշխատակից Ջամալ Հաշկաջիի անհետացման հետ: Լրագրողին վերջին անգամ տեսել են Ստամբուլում: Մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրողին կտտանքների են ենթարկելու ու սպանել:

Հավելենք, որ Future Investment Initiative  ֆորումն անց է կացվելու հոկտեմբերի 23-25-ին: Անցած տարի այս միջոցառմանը մասնակցել է ավելի քան 3,8 հազար մարդ 90 երկրից: Սեպտեմբերի վերջի տեղեկություններով, այս տարի ֆորումին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել ավելի քան 100 խոշոր գործարար, որոնց թվում են նաև HSBC Holdings Plc, Uber Technologies Inc., Bank of China International, BNP Paribas, Mitsubishi UFJ և Trafigura Group ընկերությունների ղեկավարները:

Նույն շարքից