Սպորտ 

Ջիբրալթարի դեմ խաղը կարծես թե սև թուղթ լիներ. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, խոսելով Ջիբրալթարի հավաքականից կրած պարտության մասին, ասաց, որ դա խայտառակ պարտություն էր:

Վանեցյանի խոսքերով, ինքը չի ուզում նախկինների մասին ինչ-որ բաներ խոսել, սակայն ստիպված է ասել, որ 20 տարում փչացվածը 20 օրում չի կարգավորվում. «Մեր ազգային հավաքականը գտնվում է ոչ ամենալավ վիճակում: Ես խնդրում եմ զինվել համբերությամբ, իրականում պետք է համբերել: Չենք կարող օդից ունենալ Մեսիներ կամ Ռոնալդուներ»:

Ֆուտբոլիստների հետ հանդիպմանը Վանեցյանը կոչ է արել դուխները տեղը պահել. «Ամոթ է, որ պարտվեցինք, բայց ունենք այն, ինչ ունենք: Հայաստանի Հանրապետությունում այսօր կա ընդամենը 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որոնց մեծ մասի որակական հատկանիշների վերաբերյալ ունենք մեծ կասկածներ: Մենք պետք է զարգացնենք մասսայական ֆուտբոլը»:

Մարզչի փոփոխության մասով ՀՖՖ նախագահն ասաց, որ Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր, ինչը շատ բացասական էր, քանի որ պետք չէր կիսատ թողնել մրցափուլը:

Հարցին, թե ինքը հասկանում է արդյո՞ք ֆուտբոլից, Վանեցյանը նշեց, որ ֆեդերացիայի նախագահի և ֆեդերացիայի գործը ֆուտբոլի զարգացումն է, մասսայականացումը, կազմակերպչական հարցերը և այլն:

Տեղեկությունները, որ ՈւԵՖԱ-ն ՀՖՖ-ին տուգանել է 100 հազար եվրո՝ Ջիբրալթարի դեմ խաղից հետո երկրպագուների միջև բախման պատճառով, չի համապատասխանում իրականությանը: Վանեցյանը նշեց, որ տուգանելու մասով որոշում դեռ չկա, սակայն եթե նույնիսկ 10 հազարով տուգանեն, դա ՀՖՖ-ի համար մեծ ճոխություն է և ֆեդերացիան չի կարող թույլ տալ, որ որոշ խմբերի կողմից թույլ տրված խուլիգանության պատճառով նման ծախսեր լինեն:

Վանեցյանի խոսքերով, 4-5 տարի է պետք, որ հայկական ֆուտբոլում շոշափելի արդյունքներ լինեն. «Մինչև այսօրվա 14-15 տարեկանները չդառնան 18 տարեկան և սկսեն դառնալ ֆուտբոլ, մենք շոշափելի արդյունքներ չենք ունենա: Սակայն ես խնդրել եմ տղաներին հավաքվել և որակյալ ֆուտբոլ ցուցադրել: Այդ դեպքում մենք կունենանք արդյունքներ»:

Խոսելով Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ իր տեղեկություններով, վերջինիս դիվանագիտական անձնագիր չի հասնում, և Մխիթարյանը երբեք իրեն չի ասել, որ դրա բացակայությունը խանգարում է իրեն: Ինչ վերաբերում է Մխիթարյանի մայրիկի դժգոհությանը, Վանեցյանը հայտարարեց, որ վերջինս ՀՖՖ գործկոմի անդամ է և եթե նման հարց բարձրացներ իր մոտ, հարցը կքննարկվեր:

Վերադառնալով Ջիբրալթարի խաղին՝ ՀՖՖ նախագահն ասաց, որ այն կարծես թե սև թուղթ լիներ, ինչքան վատ բան հնարավոր էր եղավ: Սակայն Վանեցյանի կարծիքով դա նաև դրական կողմ ունի, քանի որ բոլոր բացասական բաներն ի հայտ եկան և դրանց դեմ պայքարելու հայեցակարգ կմշակվի։

Նույն շարքից