Տնտեսություն 

Կմշակվեն խոշորացված համայնքների տնտեսական զարգացման տեսլականներ

analitik.am

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան և Մեղրաձոր համայնքներում այսօր տեղի է ունեցել «Համայնքի տնտեսական զարգացման տեսլականի մշակում» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմը` համայնքապետի գլխավորությամբ, վարչական ղեկավարներ և ավագանու անդամներ, Չարենցավանի ձեռներեցներ, հասարակական հատվածի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովն իրականացվում է ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որի թիրախային խումբը ՀՀ խոշորացված համայնքներն են:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն իր բացման խոսքում ներկայացնելով ՀՀ ՏԿԶՆ առաջնահերթություններն ու խնդիրները համայնքների տնտեսական զարգացման բնագավառում` կարևորել է համայնքի  և համայնքապետարանի ակտիվությունն ու նախաձեռնողականությունը:

Անդրադարձ է կատարել տնտեսական զարգացման բնագավառի դերակատարների դերի ու պարտականությունների, ծրագրից ակնկալիքների մասին:

ԳՄՀԸ խորհրդատու Արմեն Քեշիշյանը ներկայացրել է ծրագրի ուղղությունները` մասնավորապես` շեշտը դնելով համայնքների տնտեսական զարգացման բնագավառում արդեն կատարված աշխատանքների , ընթացիկ ծրագրի նպատակների ու իրականացնողների վրա:

Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է տնտեսական զարգացման առաջնահերթությունների և տեսլականի համատեղ մշակման գործիքները: Նախատեսվում է, որ 2018թ.-ին կմշակվեն 12, իսկ 2019-ին՝ ևս 22 խոշորացված համայնքների տնտեսական զարգացման տեսլականները, որոնք համայնքների տնտեսական զարգացման հայեցակարգի բաղադրիչներից են դառնալու:

Աշխատաժողովը վարել են «Տարածքային զարգացման հիմնադրամ»կազմակերպության փորձագետներ Ա. Գրիգորյանը և Գ. Մուրադյանը:

Ծրագրվում է, որ հոկտեմբերի 18-ին այս թեմայով աշխատաժողով կկազմակերպվի մարզի Եղվարդ և Բյուրեղավան համայնքներում:

Հավելենք, որ արդեն նման աշխատաժողովներ անցկացվել են Գեղարքունիքի մարզի  Գեղամասար, Ճամբարակ, Շողակաթ, Վարդենիս, ինչպես նաև Արագածոտնի  մարզի Արագածավան, Ծաղկահովիտ, Ալագյազ, և Ապարան համայնքներում:

Նույն շարքից