Տնտեսություն 

Ռուս գործարարները ներկայացրել են գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և բուժման համար նախատեսված «ԷնտերոԶոո» դեղամիջոցը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում» թեմայով, որը կազմակերպվել է «Expo-Russia Armenia 2018» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արտակ Քամալյանը, նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ: Ռուսական պատվիրակության կազմում էին «ԱգրոՍիստեմի», «Բր-Կոնսալտ», «ԱՐՄԱԶ» ՍՊԸ-ի, Վյազմայի մեքենաշինական գործարանի, ագրոարդյունաբերական ոլորտի մի շարք այլ կազմակերպությունների, «Ռոսսելխոզբանկի» ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին` Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի ագրարային քաղաքականության առաջնահերթությունները, հիմնական մոտեցումներն ու զարգացման տեսլականը: Ոլորտի կարևոր խնդիրների թվում Արտակ Քամալյանը, մասնավորապես, նշել է ենթակառուցվածքների բարելավումը, գյուղատնտեսական ռիսկերի նվազեցումը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման և հակակարկտային ժամանակակից համակարգերի ներդրումը, տոհմային անասնապահության զարգացումը:

Հյուրերի խնդրանքով Արտակ Քամալյանն անդրադարձել է նաև պետական օժանդակության ընթացիկ ծրագրերին, գյուղատնտեսության պետական սուբսիդավորման ուղղություններին ու պայմաններին:

Ընդգծելով Հայաստանում վերամշակող ճյուղի զարգացման անհրաժեշտությունը` Արտակ Քամալյանն առաջարկել է ռուսաստանյան կողմին ուսումնասիրել մթերման և պահեստավորման կետերի, առաջնային վերամշակման և լոգիստիկ համատեղ կենտրոնների հիմնման, համատեղ ձեռնարկությունների, ինչպես նաև ռուսաստանյան ներդրումների ներգրավմամբ Հայաստանում մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում ռուսաստանցի գործարարները ներկայացրել են գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և բուժման համար նախատեսված «ԷնտերոԶոո» դեղամիջոցը, ինչպես նաև ՌԴ-ում նախատեսվող «Մ4-Դոն» ագրոարդյունաբերական ինովացիոն պարկի նախագիծը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

  • 81
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
  •  
    84
    Shares

Related Articles