Տնտեսություն 

Քննարկում «Մինչև 2030 թվականը կարող ենք հասնել զրոյական սով ունեցող աշխարհի» խորագրի ներքո

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գառնիկ Պետրոսյանի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի համատեղ մամուլի ասուլիսը, որը նվիրված էր Պարենի համաշխարհային օրվան: Այս տարի Պարենային համաշխարհային օրը նշվում է «Մինչև 2030 թվականը կարող ենք հասնել զրոյական սով ունեցող աշխարհի» խորագրի ներքո:

Իր խոսքում Գառնիկ Պետրոսյանը համառոտ անդրադարձել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գործունեությանը  և նշել, որ անցած 25 տարիների ընթացքում ՊԳԿ-ն ակտիվորեն աջակցել է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման ազգային նախագծերին` ուղղված գյուղատնտեսական արտադրողականության մակարդակի բարձրացմանն ու երկրում պարենային ապահովության բարելավմանը:

Ընդգծելով զրոյական սովի հասնելու առաքելության կարևորությունը` փոխնախարարի պաշտոնակատարը մասնավորապես նշել է. «Ճիշտ է, Հայաստանին չի սպառնում սովը և մենք առանձնապես սովի վտանգ չունենք, սակայն Հայաստանը ցածր միջին եկամուտ ունեցող և պարեն ներմուծող, արտաքին ցնցումների նկատմամբ խոցելի երկիր է և ըստ ազգային գնահատումների` Հայաստանի բնակչության 6 տոկոսը 2015 թվականի տվյալներով սպառել է ակտիվ և առողջ կենսաձև վարելու համար անհրաժեշտ կալորիաների անբավարար քանակ»:

Գառնիկ Պետրոսյանի խոսքով` խնդրի լուծման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկայումս մշակում է գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ, որն ամբողջությամբ ուղղված է լինելու գյուղատնտեսական ոլորտի արտադրողականության բարձրացմանը, արդյունավետ տնտեսավարելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը,  գյուղատնտեսական մթերքների ինքնարժեքի կրճատմանը և բնակչության համար մատչելի գյուղմթերքի ապահովմանը։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն նշել է, որ գյուղատնտեսությունն այն առանցքային ոլորտն է, որը կարող է նպաստել քաղցի նվազեցմանը: Ըստ նրա` այդ նպատակին հասնելու համար հարկավոր է մշակել համապատասխան քաղաքականություն, քայլեր ձեռնարկել փոքր տնտնեսություններին և ոլորտում ներգրավված կանանց աջակցելու ուղղությամբ, ինչն իր հերթին կնպաստի գյուղատնտեսական արտադրողականության աճին։

Ռայմունդ Յելեն իր խոսքում նաև վստահեցրել է, որ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կշարունակի իր աջակցությունը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նույն շարքից