Տնտեսություն 

Քննարկվել են Կամբոջայի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունները

analitik.am

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանը հանդիպում է ունեցել Կամբոջայի թագավորության Առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Տեկրեթ Կամրանգի գլխավորած պատվիրակության հետ, որը մասնակցում է Երևանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովին։

- ԵԱՏՄ-Կամբոջա համագործակցության շրջանակներում կցանկանայինք խորացնել նաև մեր երկու երկրների միջև փոխշահավետ առևտրատնտեսական կապերը, - նշել է Հակոբ Ավագյանը՝ հավելելով, որ նման հանդիպումներն ու անմիջական շփումները լավ հնարավորություն են կոնկրետ գործակցության եզրեր գտնելու, ջանքերը համադրելու և լավ արդյունք ունենալու համար։

Հակոբ Ավագյանը հյուրերին համառոտ ներկայացրել է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, արտահանման հնարավորությունները, ինչպես նաև տեղեկացրել կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների և բիզնեսին աջակցելու գործիքների մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Արծարծվել են հայկական արտադրանքի՝ Կամբոջա արտահանման (մասնավորապես հյուրերը նշել են հայկական գինին, կոնյակը, չրեղենը), տեքստիլի արտադրության համար Կամբոջայից Հայաստան հումքի ներկրման, Հայաստանում համատեղ արտադրություն կազմակերպելու հնարավորությունները և այլ հարցեր։

Կողմերը պայմանավորվել են համագործակցություն հաստատել երկու նախարարությունների միջև, իրականացնել անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում, նպաստել երկու երկրների գործարարների միջև կապերի հաստատմանը։

Հանդիպման ավարտին Տեկրեթ Կամրանգը Հակոբ Ավագյանին հրավիրել է այցելել Կամբոջա՝ տեղում ծանոթանալու երկրի տնտեսությանը և հետագա համագործակցության հնարավորություններին։

Նույն շարքից