Տնտեսություն 

Առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովներ կկազմակերպվեն ՀՀ մարզերում

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի մոտ այսօր կայացել է մարզպետների մասնակցությամբ աշխատանքային հերթական խորհրդակցությունը` ՀՀ մարզպետների նոր կազմով։Շնորհավորելով նորանշանակ մարզպետներին` նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն արդյունավետ համագործակցություն ու հաջողություն է մաղթել հետագա համատեղ աշխատանքներում:

Օրակարգային հարցերի շրջանակում Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ Տավուշի մարզում կայացած «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի օրինակով մյուս մարզերում ևս նման համաժողովներ կազմակերպելու նախաձեռնությանը:

Խոսելով Տավուշի համաժողովի հաջողված փորձի և տեսանելի արդյունքների մասին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ առաջիկա երկու ամիսներին ներդրումային համաժողովներ կանցկացվեն Արարատի, Արագածոտնի, Շիրակի, իսկ փետրվար ամսին` Լոռու մարզերում։ Մարզպետների հետ քննարկվել են առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովների անցկացմանը և ժամանակացույցին վերաբերող կազմակերպչական հարցեր։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում առկա բենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների տարածքում սանհանգույցների առկայության և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու հարցը։ Նախարարի պաշտոնակատարը մարզպետներին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խմբեր, ովքեր համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ իրազեկման աշխատանքներ կտանեն` նշված կառույցներում սանհանգույցների բարեկարգման ուղղությամբ։

ՏԿԶ նախարարության աշխատակիցներն իրենց հերթին նախարարի պաշտոնակատարի հանձնարարականով այցելություններ են կատարում մարզեր` տեղերում ուսումնասիրություններ կատարելու և համակարգելու այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է նաև ոռոգման ջրի համաչափ բաշխման խնդրին։ Ոլորտում չարաշահումները բացառելու նպատակով մարզպետներին հանձնարարվել է շարունակել համագործակցությունը ՏԿԶ նախարարության ղեկավարությամբ գործող միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ և հետևողական աշխատանքներ տանել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ:

Օրակարգում ներառված մյուս հարցով ներկայացվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նախարարի պաշտոնակատարը մարզպետներին հանձնարարել է հավաքագրման ցածր մակարդակ ունեցող համայնքների ղեկավարների հետ բացատրական աշխատանքներ տանել և ուսումնասիրել պատճառները, չբացառելով, որ դրանք կարող են կապված լինել ինչպես հանրային լեգիտիմության, այնպես էլ համայնքի ղեկավարի անգործության հետ:

Մարզպետների հետ այսօրվա խորհրդակցությանը քննարկվել են նաև կարկուտի հետևանքով տուժած ընտանիքներին կառավարության կողմից աջակցության տրամադրման, համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցության ավարտին նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է մարզպետներին ակտիվորեն աշխատել բարձրացված հարցերի մեջ` հորդորելով տեղերում բացառել կլանային մտածողության երևույթները:

Նույն շարքից