Տնտեսություն 

Արագ աճող թվային աշխարհում կան խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել համագործակցության ճանապարհով․ Հակոբ Արշակյան

analitik.am

«Եվրասիական շաբաթ» 3-րդ միջազգային ֆորումի շրջանակներում հոկտեմբերի 23-ին Երևանում անցկացվեց «Թվային կոնսորցիումներ. ԵԱՏՄ-ի բարձր տեխնոլոգիական բիզնեսի հնարավորությունների միավորում» թեմայով քննարկումը:

Քննարկմանը ներկա էին ԵՏՀ պատվիրակությունը, ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, Բելառուսի, Ղազախստանի, Սինգապուրի նախարարներ, ԵԱՏՄ անդամ-պետություններից բարձր տեխնոլոգիական բիզնեսի ներկայացուցիչներ:

Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ով  հանդես եկավ ելույթով:

Ողջունելով հյուրերին՝ նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՏՄ մասնակից - երկրների ներկայացուցիչների համատեղ աշխատանքը թույլ կտա հասնել առաջադրված նպատակներին:

«Տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններից է, վերջին տարիներին ՏՏ-ն և ինժեներական ոլորտը աճի մեծ թափ են հավաքել: Կայուն զարգացմանը նպաստում են այնպիսի մասշտաբային նախագծեր, ինչպիսին են Ինժեներական քաղաքի կառուցումն ու նորարարական ուսումնական կենտրոնների հիմնումը»,- ելույթում նշեց Հակոբ Արշակյանը:

Որպես Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացման գլխավոր ուղղություններ՝ նախարարի պաշտոնակատարը մատնանշեց արհեստական բանականությունը, բլոկչեյն տեխնոլոգիաները, կիսահաղորդչային տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունն ու տարբեր ոլորտներում դրանց կիրառումը:

«Արագ աճող թվային աշխարհում կան խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել համագործակցության ճանապարհով: Հայաստանը պատրաստ է ակտիվ համագործակցության՝ այդ թվում նաև այս ձևաչափով»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը:

Նա կարևորեց նաև նմանատիպ միջոցառումները՝ նշելով, որ սա լավ հարթակ է թվային տնտեսության զարգացման ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև Մաքսային միության տարածքում գոյություն ունեցող թվային համակարգերը նոր թվային պլատֆորմներին ինտեգրելու ուղղությամբ:

Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվեցին եվրասիական կոնսորցիումների ձևավորման շուրջ մոտեցումներն ու առաջարկությունները՝ թվային օրակարգն արդյունավետ իրականացնելու համար: Քննարկվեցին այն ձևաչափերն ու մոդելները, որոնք կիրառելի են ԵԱՏՄ մասնակից - երկրների ընկերությունների գործընկերային հարաբերություններում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նույն շարքից