Տնտեսություն 

Էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու նպատակով պետք է քայլեր ձեռնարկենք. Արայիկ Հարությունյան

analitik.am

Հարգելի՛ հայրենակիցներ,

Օրեր առաջ Թրղե և Լև գետերի վրա, «Արցախհէկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ, շահագործման են հանձնվել ևս երկու փոքր ՀԷԿ-եր, որոնք ավելի կամրապնդեն մեր հանրապետության էներգետիկ ինքնաբավությունը: Ավելին՝ կարծում եմ, որ ընթացիկ և նախատեսվող էներգետիկ նոր նախագծերի շնորհիվ գալիք տարիներին էլեկտրաէներգիայի արտադրությունը կգերազանցի մեր նախնական ակնկալիքները՝ բարձրացնելով Արցախի ռազմավարական անկախությունն արտաքին հաղորդակցություններից:

Վստահ եմ՝ կարիք չկա ներկայացնելու, թե ինչ ահռելի նշանակություն ունի էլեկտրաէներգիան մեր կենցաղում և սոցիալ-տնտեսական գործունեության մեջ, սակայն կան նաև ոչ ավանդական ուղղություններ, որտեղ էլեկտրաէներգիան կարող է մեծ կարևորություն ունենալ: Օրինակ, հաշվի առնելով էլեկտրական շարժիչներով աշխատող տրանսպորտի ոլորտում աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումները և մեր հանրապետությունում առկա էներգետիկ հնարավորությունները՝ ժամանակն է, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկենք նաև մենք՝ ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ և մեխանիզմներ: Որպես օրինակ նշեմ, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն վերջերս էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու նպատակով հայտարարեց կոնկրետ քայլերի մասին՝ խոստանալով այն ազատել հարկերից և մաքսազերծումից: Եվրոպական շատ երկրներում ևս պատրաստվում են առաջիկա տասնամյակում հրաժարվել ավանդական շարժիչներով աշխատող տրանսպորտային միջոցներից, որոնց համեմատ էլեկտրամոբիլների շահագործումը էկոլոգիապես ավելի մաքուր է և քիչ ծախսատար:

Իսկ վերջում ավելացնեմ, որ Արցախում նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստվում եմ նախևառաջ հանդես գալ սեփական օրինակով և ներկրել Արցախի առաջին էլեկտրամոբիլը, ինչպես նաև, որպես կուսակցության առաջնորդ, հարցը քննարկման առարկա դարձնել՝ ընդգրկելով այն մեր ծրագրային օրակարգում:

 

ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյան

Նույն շարքից