Տնտեսություն 

Ներկայացվել է էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառման ոլորտում հայաստանյան փորձը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումի շրջանակում կազմակերպված միջոցառումներին: Կոմիտեի ներկայացուցիչները հանդես են եկել «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլի գնահատող հանձնաժողովի կազմում: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը` որպես հարկային քաղաքականությանն առնչվող պանելային քննարկման հրավիրյալ խոսնակ, ներկայացրել է էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի դեպքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու մեխանիզմների և էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառման ոլորտներում ՀՀ փորձը:

Միքայել Փաշայանը մասնակցել է նաև ԵԱՏՄ շրջանակում թվային հետագծելիությանն առնչվող կլոր սեղանին` ներկայացնելով ապրանքների հետագծելիության ապահովման համար ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի և դրանց փոխադարձ ճանաչման դերի կարևորության վերաբերյալ շնորհանդես: ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ կիրառվող մեխանիզմներն ու մոտեցումները պետք է մշակվեն տնտեսվարողների բեռի նվազեցման, պահանջվող փաստաթղթերի ծավալի և սահմանահատման ժամանակ իրականացվող ֆիզիկական զննումների քանակի կրճատման պահանջներով:

Հոկտեմբերի 22-ից 24-ը Երևանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումին մասնակցել են աշխարհի 25 երկրի ավելի քան 2500 ներկայացուցիչ: 120-ից ավելի ընկերություններ ներկայացված են եղել միջոցառման շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում:

Նույն շարքից