Սպորտ 

Բազկամարտ մրցաձևում, ընդհանուր թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Արմավիրի մարզը

Երեկ ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվող բազկամարտի մրցումների արդյունքները:

Մրցումներն անցկացվել են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի մարզադահլիճում։ Մարզիկները մրցել են աջ ձեռքով:

Տղաներից տարբեր քաշային կարգերում սպարտակիադայի հաղթողներ են դարձել Լոռու մարզը ներկայացնող Մհեր Ղումաշյանը (50 կգ քաշային կարգ), Արգամ Աշուղյանը (55 կգ քաշային կարգ), Վահան Մեհրաբյանը (65 կգ քաշային կարգ) և Արմավիրի մարզը ներկայացնող Արայիկ Կարապետյանը (60 կգ քաշային կարգ), Գրիգոր Հակոբյանը (70 կգ քաշային կարգ) և Արսեն Խաչատրյանը (+70 կգ քաշային կարգ):

Աղջիկների մրցապայքարում լավագույնն են ճանաչվել Գեղարքունիքի մարզը ներկայացնող Լիլիթ Ալավերդյանը (50 կգ քաշային կարգ), Տավուշի մարզը ներկայացնող Դիանա Փարսադյանը (55 կգ քաշային կարգ), Վայոց ձորի մարզը ներկայացնող Քրիստինե Հովհաննիսյանը (60 կգ քաշային կարգ) և Լոռու մարզը ներկայացնող Կարմիլա Շլյանինան (+60 կգ քաշային կարգ):

Ընդհանուր թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Արմավիրի մարզը, 2-րդ տեղը՝ Տավուշի մարզը, իսկ 3-րդ տեղը՝ Լոռու մարզը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին և մասնակիցներին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հանձնվել են մեդալներ, հուշանվերներ և հավաստագրեր: 2018 թվականի սպարտակիադայի ծրագրով անցկացվող տարբեր մարզաձևերի արդյունքներն ամփոփվելու են տարեվերջին՝ հանդիսավոր արարողությամբ, որի ժամանակ ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերին կհանձնվեն գավաթներ:

Նույն շարքից