ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն այսօր Լոռու մարզպետարանում մասնակցել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի պաշտոնական բացման արարողությանը:
Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ֆինանսավորվում՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից:
Ծրագրի թիրախում են Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 85.000 ընդհանուր բնակչությամբ 88 գյուղական բնակավայրերի անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսություններ, կաթի և մսի արժեշղթաների դերակատարներ և տեղական ինքնակառավարման մարմիններ: Ծրագրի երկարաժամկետ նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ մասնավոր հատվածի զարգացման խթանման և հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ակտիվացման միջոցով:
Միջոցառմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, ՀՀ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարաններից, շահառու համայնքների ղեկավարները, Ծրագիրը ֆինանսավորող կազմակերպությունների ներկայացուցիչները և այլ շահագրգիռ անձինք: