Տնտեսություն 

Երևանի քաղաքապետարանն ու ԱԶԲ-ն շարունակում են տրանսպորտի զարգացման հարցում համագործակցությունը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցչության տարածաշրջանային տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակության հետ:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի միջև հաստատված համագործակցությանը՝ Հրաչյա Սարգսյանը կարևորել է բոլոր այն ծրագրերի իրականացումը, որոնք միտված են Երևանի զարգացմանը, բնակիչների բարեկեցությանն ու հարմարավետության ապահովմանը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ներկայացրել է առաջնահերթությունները և նշել, որ քաղաքապետարանը հետաքրքրված է տրանսպորտային համակարգի բարեփոխումներին ուղղված ծրագրային առաջարկներով: Մասնավորապես՝ տրանսպորտային ցանցի արդիականացում, այլընտրանքային տրանսպորտային միջոցների (հեծանիվներ, էլեկտրամոբիլներ և այլն) ներգրավում, ավտոկայանատեղիների կազմակերպում, ուղղություններ, որոնք կարող են միասնական մոտեցմամբ լուծումներ տալ ոլորտում առկա խնդիրներին:

Կարևորելով համագործակցության ընդլայնման գործում Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ Ասիական զարգացման բանկի ներկայացուցչության տարածաշրջանային տնօրենը նկատել է, որ նոր հնարավորություններ են բացվել Երևանի առջև, ինչը ողջունելի է նաև արդյունավետ համագործակցության ընդլայնման առումով:

Շեյն Ռոզենտալն ընդգծել է, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը և մասնակցել նախանշված նոր ծրագրերի իրագործմանը:

Խոսելով հնարավոր համագործակցության ուղղությունների մասին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հատկանշել է նաև «Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովել արդյունավետ կառավարում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից