Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խորհրդարանում լրագրողները ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հիշեցրեցին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ինքը շատ փոքր է, պետք չէ ոտքի տակ ընկնել` ցանկանալով իմանալ, թե ինչպես է նա պատկերացնում իր պաշտոնավարումը գործող իշխանությունների օրոք:
Շաբոյանը նշեց, որ իրենք իրենց աշխատանքը բարեխիղճ իրականացնում են. «Ես անձամբ, որպես մրցակցության պաշտպանության մարմնի ղեկավար, իմ աշխատանքը նույն սկզբունքներով, նույն սրտացավությամբ իրականացնում եմ: Նոր Սահմանադրությամբ ամրագրվել է, որ մեկ տարվա ընթացքում պետք է նոր կազմ նշանակվի և հանձնաժողովի նոր անդամներ նշանակվեն վարչապետի առաջարկով խորհրդարանի կողմից: Հետևաբար վարչապետն ամեն օր էլ կարող էր ու կարող է նոր թեկնածու ներկայացնել»:
Պատասխանելով հարցին, թե որն է իր ֆենոմենը, ինչու է նա շարունակում պաշտոնավարել, Շաբոյանն ասաց, որ չգիտի` հավելելով, որ իրենք շատ սիրում են իրենց գործը, և մրցակցության ապահովումը կարևոր գործոն է տնտեսության զարգացման համար:
Շաբոյանը հայտարարեց, որ հիմա շարունակում է աշխատել նույն ձևով, որով աշխատել է մինչև Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները` հայտարարելով, որ շատ նորմալ է վերաբերվում բոլոր քննադատություններին: