Տնտեսություն 

Կենսաթոշակային ֆոնդ ինքնակամ ընտրել է ընդամենը 1309 քաղաքացի

analitik.am

250 հազար աշխատողներից հունվարի 16-ի դրությամբ միայն 1309-ն է ընտրել կենսաթոշակային ֆոնդ, որը նշանակում է` մարդիկ իսկապես դեմ են կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքին: Այս մասին այսօր` հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմ եմ» շարժման նախաձեռնող անդամ Դավիթ Մանուկյանը:

«Եթե աշխատողների ընդամենը 0.5%-ն է ինքնակամ ընտրել ֆոնդը, ապա Հայաստանում այս օրենքին իսկապես դեմ են մարդիկ»:

Նշենք, որ հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Վերջին կետում մասնավորապես ասվում է. «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 39-րդ հոդվածով սահմանված կարգով»: Նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանն ասաց, որ ֆոնդ ընտրած քաղաքացիները կարող են դատի տալ պետությանը, եթե նրանցից գումար պահվի. «Քաղաքացին կարող է դիմել առաջին ատյանի դատարան` բողոք ներկայացնելով պետության դեմ: Մենք ամեն կերպ սատարելու ենք: Կոչ ենք անում հեղեղել դատարանները նմանատիպ բողոքներով»:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են եկել ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը ժամանակավոր կասեցրեց օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառումը:

Նույն շարքից