Տնտեսություն 

Իրանի հետ կա լիակատար փոխըմբռնում. ՍԱՊԾ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության տնօրեն Ալի Ռեզա Ռաֆիիփուրի, Գյուղատնտեսության նախարարությունում գերագույն գլխավոր ղեկավարի ներկայացուցիչ Փեյման Ֆալաֆիի և Հայաստանում Իրանի դեսպանության տնտեսական գծով խորհրդական Հոսեյն Ամիդի հետ:

Կողմերը քննարկել են ՀՀ սպանդանոցներում կենդանիների հալալ մորթի անցկացման, մորթից առաջացած ենթամթերքի արտահանման, լաբորատոր փորձաքննությունների և սերտիֆիկատների համապատասխանեցման հարցեր, ինչպես նաև  մեր երկրում «Հալալ»-ի գրասենյակ հիմնելու հնարավորությունները: Վերջինը, ըստ Իրանի անասնաբուժության կազմակերպության տնօրեն Ալի Ռեզա Ռաֆիիփուրի, կնպաստի ոչ միայն ԻԻՀ հայկական մսամթերքի արտահանման ծավալների մեծացմանը (6 հազար տոննա 4 տարում), այլև խթան կհանդիսանա դրա արտահանմանն այլ երկրներ՝ օգտագործելով Իրանի՝ որպես տրանզիտ երկրի հնարավորությունները:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, շեշտելով անասնաբուժության կարևորությունն ու դերը մարդկանց առողջության հարցում, կարևորել է վերահսկողության շրջանակներում իրականացվող յուրաքանչուր համագործակցության առաջարկ: Նա պատրաստակամություն է հայտնել հնարավոր բոլոր միջոցներով նպաստել երկու երկրների միջև անասնաբուժական վերահսկողությանը վերաբերող խնդիրների կարգավորմանն ու արտահանման ծավալների մեծացմանը: Պարոն Ավետիսյանն անդրադարձել է տրանսսահմանային հիվանդությունների վերահսկողության անհրաժեշտությանը՝ նշելով դրանց դեմ համատեղ պայքարի կարևորությունը: «Հայաստանը, երկու տարի անընդմեջ պատվաստումների անցկացման արդյունքում, խուսափել է մանր եղջերավորների ժանտախտ հիվանդությունից և դրա ռիսկի մակարդակն էականորեն նվազել է»,- տեղեկացրել է ՍԱՏՄ ղեկավարը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, վերահսկողական գործիքների համապատասխանեցման և փոխշահավետ համագործակցության շուրջ:

 

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

  • 100
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    102
    Shares

Related Articles