Տնտեսություն 

Արգենտինայի հարուստ փորձն ու կիրառվող տեխնոլոգիաները կարող են օգտակար լինել հայ ֆերմերների համար

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության  պատվիրակությանը, որը գլխավորում էր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը և ԳԶՀ խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը:

Առաքելության նպատակն էր քննարկել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ  փորձացուցադրական տնտեսության հիմնման հնարավորությունը: Ակնկալվում է, որ այդ տնտեսության հիմնական շահառուները կլինեն  ոչ միայն գյուղատնտեսները, այլև Ազգային ագրարային համալսարանի ուսանողները: Ուսուցմանը և խորհրդատվությանը զուգահեռ ֆերմերներն այստեղ հնարավորություն կունենան դիտարկել ցուցադրական դաշտերը, տեղում ծանոթանալ նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությանը, իսկ  ուսանողները կանցկացնեն իրենց արտադրական պրակտիկան:

Ողջունելով հյուրերին` Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ արգենտինական կողմը մեծապես աջակցում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը և ընդգծել, որ այս հարցում Արգենտինայի հարուստ փորձն ու կիրառվող տեխնոլոգիաները կարող են օգտակար լինել հայ ֆերմերների համար:

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան իր հերթին նշել է, որ այս նախագծի շրջանակում արդեն իսկ ձևավորվել է հայ-արգենտինական ընդհանուր թիմ, որն ակտիվորեն աշխատում է ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ:  Նրա խոսքով` ծրագիրն ընթանալու է երկու հիմնական փուլերով` ենթակառուցվածքային համակարգերի ներդրում և խորհրդատվական ծառայությունների մատուցում: Դեսպանը նաև վստահեցրել է, որ բարեհաջող ընթացքի դեպքում ծրագրի շրջանակները կընդլայնվեն:

Արգենտինական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերել նաև խաղողագործության ոլորտում երկկողմ համագործակցությամբ: Գեղամ Գևորգյանն առաջարկել է սերտորեն համագործակցել  Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ՝ շեշտելով, որ խաղողագործությունը Հայաստանի առաջնահերթ ուղղություններից է։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

  • 85
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
  •  
    89
    Shares

Related Articles