Տնտեսություն 

Ռուսական անշարժ գույքի շուկայի «արքաներից» երկուսը հայ են. Forbes

Forbes ամսագրի ռուսական ծառայությունը ներկայացրել է «Ռուսական անշարժ գույքի շուկայի «արքաներին»՝ Ռուսաստանի անշարժ գույքի շուկայում գերիշխող դիրք ունեցող 30 գործարարներից բաղկացած հերթական վարկանիշային աղյուսակը։

 

Ըստ այդմ՝ հայ գործարար, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Նրա եկամուտը վարձակալության տրված անշարժ գույքից 960 մլն դոլար է, կարողությունը՝ 3.8 մլրդ դոլար։

 

Ի դեպ, Սամվել Կարապետյանը նախորդ տարվա համեմատ բարելավել է դիրքերը. 2013թ.-ի վարկանիշային աղյուսակում նա 3-րդ տեղն էր զբաղեցնում։

 

Սամվել Կարապետյանին պատկանող խոշոր օբյեկտներից են Մոսկվայում գործող «ՌԻՈ» առևտրի կենտրոնը, որը զբաղեցնում է 105.000 քմ տարածք, «Գազօյլ պլազա» բիզնես կենտրոնը (30.000 քմ) և Novotel Moscow City հյուրանոցը՝ (360 համար)։

 

Նրան են պատկանում 770.000 քմ առևտրային, 62.000 քմ գրասենյակային, 48.000 քմ պահեստային, 360 հյուրանոցային համար։

 

Գործունեություն է ծավալում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալուգայում, Յարոսլավլում, Տուլայում, Բելգորոդում, Իվանովոյում, Վոլոգդայում, Դոնի Ռոստովում, Սարանսկում, Նիժնի Նովգորոդում, Օրելում, Սոչիում։

 

«Անշարժ գույքի արքաների» վարկանիշային աղյուսակը եզրափակում է ևս մի հայ՝ Դանիլ Խաչատուրովը։ Նրան պատկանող «Լեգիոն դիվելոփմենթ» ընկերությունը վարձակալությունից ստանում է 70 մլն դոլար եկամուտ։ Նրա կարողությունը 2.4 մլրդ դոլար է։

 

Խոշոր օբյեկտներն են «Լեգիոն III» (77.500 քմ), «Լեգիոն I» բիզնես կենտրոնը՝ (36. 003 քմ)։
 

Գործունեություն է ծավալում հիմնականում Մոսկվայում, ունի 111.003 քմ գրասենյակային, 2500 քմ առևտրային տարածք։
 

Դանիլ Խաչատուրովը «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության համասեփականատերն է։ Ի դեպ, անցյալ տարվա համեմատ, ի տարբերություն Սամվել Կարապետյանի, Դանիլ Խաչատուրովը զիջել է դիրքերը։ 2013թ.-ի վարկանիշային աղյուսակում նա զբաղեցնում էր 25-րդ տեղը՝ վարձակալությունից ստացվող 80 մլրդ դոլար եկամուտով։

 

Ազգությամբ հայ մեկ այլ գործարար՝ Գագիկ Ադիբեկյանը, ով անցյալ տարի զբաղեցնում էր 26-րդ հորիզոնականը և համարվում է ռուսական անշարժ գույքի շուկայի ամենաառեղծվածային դեմքերից մեկը, առհասարակ դուրս է մնացել այս տարվա աղյուսակից։

 

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Forbes-ի «Անշարժ գույքի արքաների» վարկանիշային աղյուսակը գլխավորում է ադրբեջանցի գործարարներ Զարախ Իլիևին և Գոդ Նիսանովին պատկանող «Կիևսկայա պլոշադ» ընկերությունը՝ 1.280 մլն դոլար եկամուտով։

 

Երրորդ հորիզոնականում Ինգվար Կամպրադին պատկանող IKEA խումբն է՝ վարձակալությունից ստացվող 800 մլն դոլար եկամուտով։

 

Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները մնացել են անփոփոխ. չորրորդում «ԲԻՆ» խումբն է (համասեփականատերեր Միխայիլ Գուցերիև, Սաիթ-Սալամ Գուցերիև, Միքայիլ Շիշխանով, եկամուտը՝ 710 մլն դոլար), իսկ հինգերորդում՝ թուրք գործարարներ Շարըք Թարային և Սինան Թարային պատկանող Enka ընկերությունը (եկամուտը՝ 460 մլն դոլար)։

 

Նույն շարքից