Տնտեսություն 

Տիգրան Ավինյանն՝ Ալավերդու պղնձաձուլարանի մասին

analitik.am

Ձեր պնդումներում որոշ չափով անճշտություններ կան, մասնավորապես, որոշում չկա կայացրած Ալավերդու պղնձաձուլարանը վերջնական փակելու հետ կապված։ Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի այն հարցին, թե արդյոք կառավարությունը կարծիք է հայտնել այն մասին, որ Ալավերդու պղնձաձուլարանի փակման հետ կապված պատրաստ չեն կարճ ժամանակում ապահովել մեծ չափորոշիչներով բնապահպանական նորմեր։

Ավինյանը նշեց նաև, որ այս պահին հարցը քննարկվում է և՛ Ալավերդու պղնձաձուլարանի ներկայացուցիչների, և՛ Թեղուտի ներկայացուցիչների, և՛ ռուսական ՎՏԲ բանկի հետ համատեղ․ «Այս բանակցություններում կառավարությունը շատ ակտիվ դեր է ստանձնել։ Պղնձաձուլարանի առումով մենք չենք կարող նայել միայն աշխատատեղերի տեսանկյունից, որովհետև պղնձաձուլարանը ոչ միջազգային, այլ հենց տեղական ստանդարտներով բավականին մեծ չափով աղտոտում է շրջակա միջավայրը, և ընդհանուր առմամբ, պղնձաձուլարանը վաղ, թե ուշ փակվելու է։ Պղնձաձուլարանի փակվելու հետ համատեղ դիտարկվում են նաև ներդրումային ծրագրեր հենց նույն Ալավերդիում, այս պահին նաև քննարկվում է ավելի մեծ պղնձաձուլական կոմպլեքսի կառուցում, որը տարեկան մոտ 100 հազար տոննա խտանյութ է կարողանալու վերամշակել»։

Փոխվարչապետի պնդմամբ, այս պահի դրությամբ փակման վերջնական որոշում չկա, ինչպես նաև չկա կառավարության կողմից նման պարտադրանք․ «Կան բանակցություններ, որոնք այս պահին ընթանում են, և ես վստահեցնում եմ, որ այդ բանակցությունները կգան որոշակի տրամաբանական հանգուցալուծման»։

Իսկ Կյուրեղյանի ճշտող հարցին, որ եթե հանքերը շահագործումից դուրս են գալիս՝ այսինքն ստացվում է, որ այդ բաց հանքերը նորից բնապահպանական վտանգներ չե՞ն ներկայացնի, և ո՞վ պետք է այդ վտանգները վերահսկի, Ավինյանը պատասխանեց, որ եթե խոսում ենք առհասարակ բոլոր հանքերից, ապա բնապահպանության նախարարությունն աննախադեպ քանակով ռեկուլտիվացիոն ծրագրեր է իրականացնելու․ «Այս պահին այդ նախագծերը գտնվում են նախագծման և գնահատման փուլում և 2019 թ․-ին բավականին մեծ քանակով բաց հանքերի ռեկուլտիվացիայի պրոցեսն արդեն իսկ կսկսի»։

Ինչ վերաբերում է Թեղուտի հանքի հարցին, Ավինյանը նշեց, որ քննարկվում է վերաշահագործման հարց, նոր օպերատրի ներգրավման հարց, և այդ հարցում նույնպես բանակցում են ռուսական ՎՏԲ բանկի հետ, և այդտեղ նույնպես կգտնվի նոր օպերատոր։

Նույն շարքից