Տնտեսություն 

ՊԵԿ-ի պարզաբանումը կուտակային կենսաթոշակների վերաբերյալ

analitik.am

Կուտակային վճարների ներդրման հետ կապված ՊԵԿ-ը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանականերում:

ՊԵԿ տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010թ. դեկտեմբերի 22-ին ընդունվել էր մեծածավալ օրենսդրական փաթեթ (այդ թվում` «Պետական կենսաթոշակների մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին»,  «Եկամտային հարկի մասին» ու «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքները), որով նախատեսվում էր Հայաստանում եկամտային հարկի եւ կուտակային վճարների աստիճանաբար ներդրում: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է դրա իրականացման համապատասխան միջոցառումներ եւ ժամանակացույց:

Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարների հաշվարկները ընդունելու եւ մշակելու, եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում օգտագործվող համակարգչային ծրագիրը նախագծվել(մշակվել) է վերը նշված օրենքներին, միջոցառումներին համապատասխան:

Հաշվի առնելով, որ պարտադիր կուտակային վճարները, որպես նշված համակարգի բաղադրիչ, հաշվարկվում են գործատուների կողմից եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարների ամփոփ հաշվարկներում նշված աշխատավարձերից, պարտադիր կուտակային վճարների հաշվարկման ծրագրային մոդուլը եւս ապահովում է պարտադիր կուտակային վճարների ավտոմատ հաշվարկումը, ինչպես դա իրականացվում է եկամտային հարկի եւ այլ հարկատեսակների համար:  Դա պայմանավորված  է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հստակ պահանջով, որի համաձայն գործատուները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում է նաեւ հաշվարկված եւ պահված կուտակային վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ: Հետեւաբար ՊԵԿ-ն իրավասու չէ խախտել գործող օրենքի պահանջը՝ հաշվետվության ձեւից հանելով պարտադիր կուտակային վճարների դաշտը:

Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ, «Կուտակային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրենց աշխատողների համար (անունից) պարտադիր կուտակային վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ: Պարտադիր կուտակային վճարների հաշվարկումը պայմանավորված չէ վարչարարության գործիքների կիրառմամբ: Բոլոր այն դեպքերում, երբ գործատուները (ֆիզիկական անձինք) չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները, ՀՀ Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշման համաձայն նրանց նկատմամբ հարկային մարմինների կողմից մինչեւ 28.03.2014թ. չեն հաշվարկվի տույժեր եւ չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ»:

Նույն շարքից