Միջազգային 

Financial Times-ի անդրադարձը Ռուսաստանին

analitik.am

Բրիտանական Financial Times թերթն իր խմբագրականում գրում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «ոչ թե ստրատեգ է, այլ վնասատու» և որ պուտինյան Ռուսաստանն «ավազի վրա կառուցված տուն է»` այս կերպ դիտարկելով այն քայլերի ու հաջողությունների հակառակ կողմը, որոնցով Պուտինը ցանկանում է ԽՍՀՄ-ի երբեմնի հզորությունը վերադարձնել Ռուսաստանին:

 

Ըստ FT-ի` Պուտինն աշխարհին ոչ մի կասկած չի թողել, թե որքան է ինքը ձգտում Ռուսաստանին ազդեցիկություն վերադարձնել միջազգային ասպարեզում: Նպատակ, որն անմատչելի է, սակայն դա չի նշանակում, թե Պուտինին պետք է թերագնահատել:

 

Պուտինի 3 հաջողված քայլերի շարքում հրատարակությունը նշում է Սիրիայի քիմիական խնդրի դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին պատսպարելը, որը երկարաձգում է «ամերիկյան հետախուզության հոգեվարքը», և Ռուսաստան-Ուկրաինա գործարքը, որով Կիևը վերադարձվում է Ռուսաստանի ազդեցության տիրույթ: Այս ֆոնին FT-ն նշում է, որ «Պուտինը կարող է հաստատակամ և տարբերություն չդնող լինել` պաշտպանելով այն, ինչ համարում է Ռուսաստանի շահ»:

 

FT-ն Արևմուտքին կոչ է անում չտրվել Պուտինի հաջողությունները գերագնահատելու գայթակղությանը և պահպանել «հեռանկարի զգացողությունը»: Աղբյուրը զգուշացնում է, որ Արևմուտքը պետք է զգուշավոր լինի Պուտինի հետ:

 

Իսկ Ռուսաստանի թուլության թեզիսները հետևյալն են. տնտեսական` Ռուսաստանը գոտեպնդվող ու զարգացող տերություն չէ, ընդամենը ձգտում է պահպանել ՀՆԱ-ի աճը: Ռուսաստանն ԱՄՆ-ին հավասար խաղորդ չէ միջազգային ասպարեզում, ազդեցությունը կենտրոնացած է աշխարհի կոնկրետ տարածաշրջաններում: Այս առումով ՌԴ-ն դիտարկվում է որպես ընդամենը դիվանագիտական սփոյլեր` վնաս տվող այն առանձին հարցերում, որոնք ինքն է իր համար ընտրում:

Ի վերջո Պուտինի ներկայիս հաջողությունները բացատրվում են ոչ թե նրանով, որ նա կարողացել է խորամանկությամբ առաջ անցնել Արևմուտքից, այլ նրանով, որ Արևմուտքը թույլ է տվել, որ այդպես լինի: Եթե, օրինակ, Բարաք Օբաման որոշեր հարվածել Սիրիային, ապա Ռուսաստանը ոչինչ անել չէր կարող: 

Նույն շարքից