Միջազգային 

Յանուկովիչը ստորագրել է «Եվրամայդանի» մասնակիցների համաներման մասին օրենքը

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դեկտեմբերի 23-ին ստորագրել է օրենքը, որը նախատեսում է նոյեմբերի 21-ից Կիևի բողոքի ակցիաների բոլոր ձերբակալված մասնակիցների՝ քրեական և վարչական պատասխանատվությունից ազատում։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքից։

Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը, «Խաղաղ հավաքների իրականացման ժամանակ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ բացասական հետևանքների ու հետապնդման և պատժի անթույլատրելիության մասին» օրենքը նաև սահմանում է «Եվրամայդանի» հետ կապված նոր քրեական գործերի բացման մորատորիում։ Ընդ որում՝ համաներումը չի վերաբերում ցուցարարներին ծեծի ենթարկած ոստիկաններին։

Ուկրաինայի Գերագույն ռադան օրենքն ընդունել էր դեկտեմբերի 19-ին․ կողմ էր քվեարկել նիստերի դահլիճում գրանցված 404 պատգամավորից 339-ը։ Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից երեք օր անց։

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը՝ միաժամանակ հայտարարելով, որ չի հրաժարվում եվրաինտեգրումից։ Եվրաինտեգրման աջակիցները Ուկրաինայի իշխանությունների այս որոշմանն արձագանքեցին բողոքի ակցիաներով ու ցույցերով, որոնք շարունակվում են մինչ օրս։

Նույն շարքից