Թուրքիայում «լողացող» հիվանդանոց է հայտնվել։ Այն շահագործման կհանձնվի առաջիկա ամսվա ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթի կայքը, Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն տեղեկացրել է, որ 200 մետր երկարություն ունեցող հիվանդանոց-նավը ծառայություններ է մատուցելու նաև արտերկրում գտնվող հիվանդներին։
«Գաղափարը վարչապետինն էր։ Հատկապես Պակիստանի երկրաշարժից և Լիբիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ շատերը տեղափոխվում էին Թուրքիա՝ բուժման նպատակով, նման նավ ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ»,-ասել է նախարարը։
Հիվանդանոցը բաց է լինելու շուրջօրյա։ 200 մետր երկարությամբ «լողացող» հիվանդանոցում լինելու է 206 մահճակալ, 10 շտապօգնության պոլիկլինիկա, 8 վիրահատարան, 16 վերակենդանացման բաժանմունք, դիալիզի կենտրոն, 2 ուղղաթիռի համար նախատեսված թռիչքուղի, շտապօգնության նավակներ։