Տնտեսություն 

Կառավարությունը հաստատում է՝ ՀՀ պարտքն ավելանալու է. Պատգամավորն առաջարկում է թափ տալ օլիգարխներին

analitik.am

Ազգային ժողովն այսօր քննարկեց 2018 թվականին նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի վավերացման մասին նախագիծը: Պայմանագիրը կնքվել է Ասիական զարգացման բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև: Համաձայնագրով ՀՀ-ն 50 միլիոն դոլար վարկ է ստանալու՝ 2018 թվականի բյուջեի մասին օրենքով նախատեսված բյուջեի դիֆիցիտի ֆինանսավորման շրջանակներում: Վարկի ժամկետայնությունը 15 տարի է, որից 3 տարին` արտոնյալ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նախ ցանկացավ իմանալ, թե ճիշտ է արդյո՞ք ենթադրությունը, որ այս վարկով ՀՀ պետական պարտքն ավելանալու է: Ապա պատգամավորը հիշեցրեց, որ ՀՀ գործող կառավարությունը դեմ է վարկերի միջոցով բյուջեի ծախսերը փակելուն. «Եթե ճիշտ եմ հասկանում, վարկը վերցվում է բյուջետային ծախսերը փակելու համար, որ բաժանվեն թոշակներ և այլն: Եթե այդպես է, ինչպե՞ս եք պատկերացնում, այդ վարկն ինչի՞ հաշվին ենք վերադարձնելու, եթե այն որևէ արտադրանք չի ստեղծելու»:

Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Հայրապետյանը հայտարարեց, որ ՀՀ պետական պարտքը 50 միլիոն դոլարով ավելանալու է՝ հավելելով՝ եթե բյուջեն հաստատվել է դիֆիցիտով, դա նշանակում է, որ հաջորդ տարի լինելու է պետական պարտքի այդ դիֆիցիտի չափով ավելացում. «Այդ առումով առաջիկա տարիներին նույնպես պարտքային միջոցներ ստանձնելու ենք: Ուղղակի մի հանգամանք կա՝ կապված վարկի տեսակի հետ: Կան նպատակային վարկեր, որոնք գնում են դեպի նպատակային ծրագրեր, կան վարկեր, որոնք ուղղվում են բյուջետային ֆինանսական կայունությունը պահելուն: Սա հենց այդ նպատակին ուղվող վարկ է»:

Փոխնախարարը նշեց, որ ապագայում մտադիր են հրաժարվել նման վարկեր վերցնելուց, սակայն դա տեղի կունենա այն ժամանակ, երբ եկամուտների էական բարձրացում կլինի և ծախսերը հնարավոր կլինի սեփական միջոցներով փակել:

Բաբուխանյանն իր հերթին հայտարարեց, որ վարկով նախատեսված 50 միլիոնը հնարավոր էր ստանալ և մի օլիգարխի լավ թափ տալով. «Հիմա այդքան խոսում ենք օլիգարխիայի, կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Այդ 50 միլիոն դոլարն ի՞նչ էր, որ չկարողացաք կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի շրջանակներում ստանալ»:

Փոխնախարարը պատասխանեց, որ հնարավոր էր նման բան անել, սակայն դա ռիսկային էր. «Ամեն դեպքում կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը մեզ հնարավորություն կտա ավելի քիչ վարկային պարտավորություններ ստանձնել և պարտքը կնվազի»:

Նույն շարքից