Տնտեսություն 

Միջազգային ֆինանսական կորպորացիան ՀՀ արժույթով պարտատոմսեր է թողարկել

analitik.am

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից (IFC) 2013 թ.-ի  դեկտեմբերի 23-ին թողարկվել է 2 մլրդ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսեր:

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ դրամով պարտատոմսերի թողարկումը հնարավոր է դարձել ՀՀ կենտրոնական բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի համատեղ աշխատանքների շնորհիվ:


Միջազգային ամենաբարձր AAA վարկանիշ ունեցող այս ընկերության կողմից ազգային արժույթով նոր ներդրումային գործիքների թողարկումը կարեւորագույն իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ու այս տարի մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների տեսանկյունից:  Ներդրողները, այդ թվում եւ կենսաթոշակային ֆոնդերը հնարավորություն կունենան կատարել հուսալի ներդրումներ ընկերության պարտատոմսերում եւ ապահովել կայուն եկամուտ:

Մյուս կողմից,  Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հավաքագրված դրամական միջոցներն ուղղվելու են ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը: Սա նաեւ կարեւոր իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից, քանի որ պարտատոմսերը ցուցակվելու եւ շրջանառվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում, եւ նոր ներդրումային հնարավորություն է ստեղծվելու մասնավոր եւ ինստիտուցիոնալ ներդրողների համար:

Նույն շարքից