Միջազգային 

Մյունխենում Քերին և Դավութօղլուն քննարկել են սիրիական հարցը

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շաբաթ օրը հանդիպում են ունեցել Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվող անվտանգության համաժողովի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վկայությամբ՝ հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Սիրիայի վարչակարգի նկատմամբ ճնշումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի վերջինս կատարի Լաթաքիա նավահանգիստ քիմիական զենքերը տեղափոխելու իր պարտավորությունը:

Նրանք համաձայնության են եկել, որ ավելի մեծ ջանքեր է անհրաժեշտ գործադրել Սիրիայում մարդասիրական օգնության ծավալների ավելացման ուղղությամբ, ինչպես նաև «անընդունելի» են համարել Հոմս և պաշարված այլ տարածքներ մարդասիրական ավտոշարասյուների մուտքի հետաձգումը:

Քերին ու Դավութօղլուն քննարկել են Ժնևում Սիրիայի շուրջ խաղաղության բանակցությունների հաջորդ փուլը, ինչպես նաև Սիրիայի ընդդիմության և կառավարության կողմից բանակցությունների «Ժնևյան կոմյունիկեի» սկզբունքների քննարկման անհրաժեշտությունը:

ԱՄՆ-ի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Մյունխենում կայացած իրենց հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Կիպրոսի խնդրին, ինչպես նաև կղզին երկգոտի, երկհամայնք դաշինքի կազմում միավորելու ՄԱԿ-ի միջնորդությամբ անցկացվող բանակցային գործընթացին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող աջակցությանը:

Նույն շարքից