Տնտեսություն 

ՎԶԵԲ–ը Հայաստանի արժույթով պարտատոմսեր է թողարկել ՀՀ ԿԲ աջակցությամբ

analitik.am

Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) 2014 թ.-ի հունվարի 31-ին իրականացրել է 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերի թողարկում:

Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն առաջին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է, որն իրականացրել է իր պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի միջոցով:

Թողարկումը հնարավոր է դարձել ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՎԶԵԲ–ի հետ տարված համատեղ աշխատանքների շնորհիվ:

«Միջազգային ամենաբարձր AAA վարկանիշ ունեցող ընկերության կողմից ազգային արժույթով նոր ներդրումային գործիքների թողարկումը կարեւորագույն իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ու այս տարի մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների տեսանկյունից: Ներդրողները, այդ թվում եւ կենսաթոշակային ֆոնդերը հնարավորություն կունենան կատարել հուսալի ներդրումներ ընկերության պարտատոմսերում եւ ապահովել կայուն եկամուտ: Բացի այդ, Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի ՀՀ դրամով լողացող տոկոսադրույքով պարտատոմսը նորարարական ֆինանսական գործիք է եւ կարող է հանդիսանալ կարեւոր իրացվելիության կառավարման միջոց տարբեր ֆինանսական կառույցների համար:

Մյուս կողմից, Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի կողմից հավաքագրված դրամով միջոցներն ուղղվելու են ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը: Սա նաեւ կարեւոր իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից, քանի որ պարտատոմսերը ցուցակվելու եւ շրջանառվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում, եւ նոր ներդրումային հնարավորություն է ստեղծվելու մասնավոր եւ ինստիտուցիոնալ ներդրողների համար»,– ասված է ԿԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Նույն շարքից