Միջազգային 

Ուկրաինան առաջնահերթություն է ԵՄ-ի համար. Էշթոն

analitik.am

Արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ-ի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեղինակած հոդվածին` կոչ անելով, որպեսզի Մոսկվան Բրյուսելի հետ հանգուցալուծի Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը, հայտնում է Взгляд-ը: Էշթոնը նշել է, որ այդ կերպ առաջ կշարժվեն նաև Ռուսաստան - ԵՄ գործընկերության ասպարեզում:

 

«Коммерсантъ» թերթի իր հոդվածում Լավրովը գրել էր, թե Ուկրաինան հաճախ սխալմամբ ընկալվում է իբրև դիմակայություն Արևմուտքի և Արևելքի միջև, «ինչ-որ մեկի» աշխարհաքաղաքական խաղ:

 

Իր արձագանքում Էշթոնն ասել է, որ ԵՄ-ն ու Ռուսաստանը կիսում են Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս միասնական տնտեսական գոտու ստեղծման գաղափարը, որը կարող է իրականություն դառնալ, եթե հարգվեն հարևանների անկախությունը և իրենց ուղով գնալու իրավունքը:

 

Նա նշել է նաև, որ Ռուսաստանը չպետք է վախենա Ուկրաինայով ԵՄ-ի հետաքրքրվածությունից, քանի որ դա չի սպառնում հարևանի հետ այդ երկրի պատմական, տնտեսական և այլ կապերին: Պաշտոնյան վկայակոչել է անկախ հետազոտություններ, ըստ որոնց ԵՄ-Ուկրաինա մերձեցումը չի խոչընդոտի Ռուսաստանի և Ուկրաինայի առևտրային հարաբերություններին:

 

Էշթոնն ասել է, որ «Ուկրաինայում ստեղծված իրավիճակն առաջնահերթություն է ԵՄ-ի համար»: «Ակնհայտ է, որ Ուկրաինան ճգնաժամային պահ է ապրում: Եվ մենք փորձում ենք նրան օգնել ելք գտնել: Ճգնաժամի թեժ պահին կարևոր է կենտրոնանալ անհետաձգելի խնդիրների լուծման վրա: Այսօր նման խնդիրներից է բռնության և ահաբեկման դադարեցումը»,-ասել է նա:

Նույն շարքից