Միջազգային 

Արևմուտքը թույլ չի տվել ԱԽ-ին դատապարտել Քեսաբում գրոհայինների գործողությունները. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչություն

analitik.am

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արևմտյան երկրները թույլ չեն տվել Ռուսաստանին Սիրիայի Քեսաբ ավանում սիրիացի գրոհայինների գործողությունների և Լաթաքիա նավահանգստի գնդակոծությունների վերաբերյալ արձագանքի հասնել, որոնք ստիպել են դադարեցնել քիմիական զենքի արտահանումը երկրից։ Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունից։

 

«Մեր առաջարկները Քեսաբում գրոհայինների գործողությունների և Լաթաքիայի գնդակոծությունների վերաբերյալ աջակցություն չեն ստացել Անվտանգության խորհրդում արևմտյան գործընկերների կողմից»,- հայտնել են մշտական ներկայացուցչությունից:

 

ՌԴ-ի պատրաստած նախագծում դատապարտվում են «սիրիահայերով բնակեցված Քեսաբ ավանի վրա սիրիական ընդդիմադիր խմբավորումների, որոնց թվում են «Ալ Կաիդայի» հետ կապված խմբավորումները», վերջին հարձակումները:

 

Հինգշաբթի ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հույս էր հայտնել, որ իրենց նախագիծը, որն Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ չի համարվում, կհաջողվի համաձայնեցնել:

 

ՄԱԿ-ում հայտնել են, որ Քեսաբի շրջանը շարունակում է «մարտական գործողությունների գոտի մնալ»:

 

«Բարեբախտաբար, սարսափելի ռեպորտաժներն այն մասին, որ եղել են հայերի զանգվածային սպանություններ, չեն հաստատվել»,- հավելել էր ՌԴ մշտական ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Քեսաբում գործողություններն անպայման կքննարկվեն Սիրիայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի հանդիպմանը, որը նշանակված է ապրիլի 30-ին: «Մենք դա պահում ենք ուշադրության կենտրոնում, սակայն դեռ առանձին քննարկում չի նախատեսվում»,- ասել էր դիվանագետը:

 

Նույն շարքից