Տնտեսություն 

5 միլիոն բնակիչ մինչև 2050 թվականը․ Հակոբ Արշակյան

5 միլիոն բնակիչ մինչև 2050 թվականը. այս հայեցակարգով սկսեց իր խոսքը  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝  իր պաշտոնավարումն ամփոփող ասուլիսի ընթացքում:

Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց այն հիմնական միտումները, որոնցով շարժվում է համաշխարհային տնտեսությունը, զարգացման ուղղությունները, որոնք որդեգրելով՝ հնարավոր է հասնել  5մլն-2050թ. հանգրվանին. ճանապարհը տեխնոլոգիական է:

«Մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որում կկրթվի տեխնոլոգիական ուժեղ սերունդ, կկանխվի տաղանդների արտահոսքը և մասնագետներն իրենց զարգացման տարբեր փուլերում աշխատատեղի ընտրություն կունենան Հայաստանում և չեն փնտրի աճի հնարավորություն արտասահմանում: Դրա համար պատրաստվում ենք շեշտը դնել տեխնոլոգիական կրթության և գիտահետազոտության զարգացման վրա, հնարավորին շատ միջազգային ընկերություններ բերենք Հայաստան և աջակցենք հավակնոտ ծրագրերով ստարտափերի զարգացմանը»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Ամփոփելով պաշտոնավարման ընթացքում այս ուղղությամբ կատարված քայլերը՝ նա նշեց, որ վերջին 6 ամիսներին Հայաստան է եկել 2 նոր ընկերություն, որոնք կբերեն 30 միլիոն դոլարի ներդրում և կստեղծեն 70 նոր աշխատեղ:  Հաստատվել է ստարտափներին հարկային արտոնություն տալու նոր՝ լրամշակված նախագիծը, որից, ի դեպ, կարող են օգտվել նաև Հայաստան եկած արտասահմանյան ստարտափները:

3 հայկական ստարտափներ ստացել են 5-ական միլիոն դոլարի ներդրում և, ընդհանուր առմամբ, ոլորտի ընկերությունների շրջանառությունն աճել է 20%-ով:

Հակոբ Արշակյանը թվարկեց նաև այն ծրագրերը, որոնց իրագործմանը նախարարությունը շատ հետևողական է լինելու. Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծում, «Ինժեներական քաղաք» ծրագրի իրագործում, ինժեներական գիտահետազոտական ծրագրերի ֆինանսավորում՝ այդ թվում ռազմաարդյունաբերական ուղղություններով և այլն:

Նույն շարքից