ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ իր պաշտոնավարումն ամփոփող ասուլիսի ընթացքում անդրադառնալով ճանապարհաշինական ոլորտին ևս մեկ անգամ ընդգծեց կառուցվող ճանապարհների որակի խիստ վերահսկողությունը:
«Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի» փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում Տրանշ 1-ի մասով նախարարության կողմից բացահայտվել է 1.9 մլն դոլարի չափով կրկնակի վճարված աշխատանք, որը վերադարձվում է: Եվս 2 մլն դոլարի բացահայտման ուղղությամբ կատարվում է քննություն: Տրանշ 1 և Տրանշ 2-ից ցեմենտի, խճի և բետոնի փորձանմուշներ են վերցվել և ուղարկվել Կանադա՝ լրացուցիչ լաբորատոր փորձաքննության:
2018 թվականին նախատեսված բյուջեի հատկացումներով ճանապարհաշինական աշխատանքների արդյունավետ կազմակերպման հաշվին տնտեսվել է 2 միլիարդ դրամ, որով կառուցվել է լրացուցիչ 14.4 կմ ճանապարհ, և կշարունակվեր կառուցվել, եթե եղանակային պայմանները թույլ տային: Վերջնարդյունքում՝ 1 միլիարդ խնայված դրամ վերադարձվում է պետբյուջե:
Արդեն իրականացված անորակ աշխատանքի պատճառով կապալառուների կողմից շուրջ 300 միլիոն դրամի չափով իրականացվում են կրկնակի աշխատանքներ և պահումներ:
Հաջողությամբ իրականացվել է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագիրը: 2018թ.-ին վերանորոգվել է 10 ճանապարհ՝ ընդհանուր 62 կմ երկարությամբ: 2019թ.-ին նախատեսվում է վերանորոգել 15 կենսական նշանակության ճանապարհ՝ 72 կմ երկարությամբ:
«Տրանսպորտային համակարգի բարելավման ուղղությամբ ներկայում ուղևորահոսքերի և ճանապարհների անցողունակության չափման և թվային քարտեզի ստեղծման փուլում ենք»,- պարզաբանեց նախարարի պաշտոնակատարը:
Նախատեսվում է երևանյան ավտոկայանների հիմքի վրա զարգացնել տրանսպորտային արդիական համակարգը սպասարկող ենթակառուցվածքներ:
Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Լարսի այլընտրանքային ճանապարհների խնդրին ու երկաթուղային տրանսպորտի զարգացման հեռանկարներին: