Միջազգային 

ՆԱՏՕ-ում ոչ ոք «սառը պատերազմի» ժամանակների վերադարձ չի ցանկանում. Ռասմուսեն

analitik.am

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում ոչ ոք «սառը պատերազմի» տարիների վերադարձ չի ցանկանում:

«ՆԱՏՕ-ում ոչ ոք չի ցանկանում սառը պատերազմի» ժամանակների վերադարձ, սակայն մենք տեսնում ենք, թե ինչպես է Կրեմլը փորձում հետ պտտել ժամանակն ու Եվրոպան բաժանել ազդեցության նոր գոտիների»,- գրել է Ռասմուսենը Daily Telegraph-ում հրապարակված իր հոդվածում: 

Գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն հարկադրված է եղել պատասխանելու Ուկրաինայում ռուսական քաղաքականությանը: «Շնորհիվ Ատլանտիկայի երկու կողմերի մեր դաշնակիցների՝ մենք ավելի քան կրկնակի մեծացրել ենք Բալթյան երկրների օդային տարածքում պարեկող կործանիչների թիվը: Մենք պարեկում ենք Լեհաստանի և Ռումինիայի երկնքում հեռուն հայտնաբերող Awacs ինքնաթիռների օգնությամբ, դաշնակիցները մեծացրել են իրենց ներկայությունը Սև ծովում»,- նշել է Ռասմուսենը:

Գլխավոր քարտուղարն ընդգծել է յուրաքանչյուր դաշնակցի ցանկացած ժամանակ օգնելու դաշինքի պատրաստակամությունը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն կարծիք էր հայտնել այն մասին, որ ՆԱՏՕ-ում գերիշխում են նրանք, ովքեր ցանկանում են «սառը պատերազմի» ժամանակների վերադարձ՝ հասնելու Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածի շուրջ նոր համախմբման:

Նույն շարքից