Միջազգային 

Գերմանիայի պաշտպանության նախարարը անիմաստ է համարում այսօր Ուկրաինայի ՆԱՏՕ մտնելու հարցը քննարկելը

analitik.am

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները երկար ժամանակով են խզվել: Այս մասին նա հայտնել է Bild թերթի հետ զրույցում:


Նախարարի կարծիքով՝ Ղրիմը բռնակցելով՝ Վլադիմիր Պուտինը լրջորեն խախտեց Ռուսաստանի հանդեպ  Արեւմուտքի վստահությունը:


«Երկար ժամանակ կպահանջվի մեր հարաբերությունները նորից կառուցելու համար: Դրա պայմաններից մեկը պետք է լինի Ռուսաստանի ներդրումը լարվածությունը թուլացնելու գործում», - ասել է ֆոն դեր Լյայենը:


Այն մտավախությունը, թե ներկայիս իրավիճակը կարող է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական հակամարտության պատճառ դառնալ, Գերմանիայի պաշտպանության նախարարը հերքել է` անվանելով անհեթեթություն: Ըստ նրա` կոնֆլիկտը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվեր: Ներկայիս ճգնաժամում Արեւմուտքի հիմնական գիծը, ըստ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, հետեւյալն է. «Մենք դրսեւորում ենք միասնություն եւ ուժ, սակայն բանակցությունների հնարավորություն ենք փնտրում»:


Նախարարը կարծում է, որ այսօր անիմաստ է քննարկել Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը: Երկիրն անհրաժեշտ պահանջներին չի համապատասխանում.  Ուկրաինան ունի բազմաթիվ տնտեսական խնդիրներ, բացի այդ` նա դեռ պետք է ժողովրդավարական պետականություն կառուցի, հայտնում է  Deutsche Welle-ն:

Նույն շարքից