Միջազգային 

Իշխանափոխության նպատակով երկիր են մուտք գործել ուկրաինական «Եվրամայդանի» ակտիվիստներ. Վրաստանի ՆԳՆ

analitik.am

Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն վստահեցնում է, որ «որոշակի ուժեր շուտով կփորձեն ապակայունացնել իրավիճակը երկրում՝ իշխանափոխության նպատակով», գրում է ИТАР-ТАСС-ը։ Այդ մասին նա ասել է «Փրայմ թայմ» վրացական թերթին տված հարցազրույցում։

 

Նրա խոսքով՝ վերջերս Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «հնչեցրել է երկրում տեղական «Եվրամայդան» կազմակերպելու գաղափարը»։ «Մենք տեղեկություն ունենք այն մասին, որ այդ գաղափարը քննարկվում է նաև նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներսում»,- նշել է Չիկաիձեն։

 

Նախարարը նշել է, որ Վրաստանում որոշակի ուժեր, մի շարք տեղական ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությամբ, կփորձեն մարդկանց դուրս բերել փողոց, քաոս ստեղծել, իսկ այնուհետ մտադիր են կրակել այդ մասնակիցների վրա և հետագայում դրանում մեղադրել իշխանություններին։

 

Չիկաիձեն հայտարարել է, որ նրանք «արդեն Վրաստան են բերել ուկրաինական «Եվրամայդանի» ակտիվիստների, այդ ուժերը թրեյնինգներ են անցկացնում և պատրաստվում իրենց պլանների իրագործմանը»։

 

«Կան տեղեկություններ, որ այդ գաղափարի կողմնակիցներն արդեն անիվներ են գնել, որոնք պետք է այրեն ակցիայի ժամանակ։ Սակայն Վրաստանի իշխանությունները և հասարակությունը թույլ չեն տա երկրում իրավիճակի ապակայունացում, կձեռնարկվեն բոլոր օրենքով նախատեսված միջոցառումները՝ անկարգությունները կանխելու համար»,- վստահեցրել է նախարարը։

Նույն շարքից