Միջազգային 

Իրանն ու «վեցյակը» սկսում են բանակցությունների երրորդ փուլը

analitik.am

«Վեցյակի խմբի» քաղաքական տնօրենների խորհուրդը և իրանական կողմը սկսում են բանակցությունների երրորդ փուլը, որի նպատակը հանդիսանում է Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնության ձեռքբերումը։

 

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ մինչև ապրիլի 20-ը համաձայնության կայացումը իրատեսական է, սակայն այս փուլը միայն հիմք կստեղծի՝ փաստաթղթի տեքստի վրա աշխատելու համար։

 

«Վեցյակի» մասնակիցների գործունեությունը համակարգելու է ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը,Իրանական պատվիրակությունը գլխավորելու է արտգործնախարար Ջավադ Զարիֆը, իսկ ամերիկյանը՝ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը։

 

«Մասնավոր սպասելիքներ չկան։ Սպասելիքների մասին խոսելը տեղին կլինի, երբ ամեն ինչ պատրաստ կլինի և կմնա անել վերջին շտկումները, սակայն մենք դեռ կես ճանապարհն էլ չենք անցել»,- ասել է Ռյաբկովը։

 

Դիվանագետի խոսքերով՝ մի շարք հարցեր կան, որոնք դեռ նախնական քննարկման փուլում են։

Ռյաբկովը հավելել է, որ բոլոր գործընկերները, ներառյալ իրանական պատվիրակությունը, տրամադրված են այն բանին, որ հերթական փուլը նշանավորվի հետագա քայլերի հիմքի ստեղծմամբ։ «Դրանից ավելին ոչ ոք չի սպասում»,- ընդգծել է դիվանագետը։

Նրա կանխատեսումներով՝ Վիեննայի հանդիպումից հետո դժվար թե ինչ-որ բան ամրագրվի թղթի վրա։ «Եթե ստացվի՝ շատ լավ, իսկ եթե չստացվի, դա ողբերգություն չէ»,- ասել է փոխնախարարը։

Նույն շարքից