Ուկրաինայի արևելքում բողոքի ցույցերը կազմակերպվել են Ռուսաստանի կողմից։ Այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին, փոխանցում է Газета.ru-ն։
«Հայտնի է, որ նրանք, ովքեր ելույթ են ունենում այդ շրջաններում, ռուսամետ անջատողականներ են։ Կան հաստատված ենթադրություններ, որ այդ ելույթ ունեցողներից որոշներին վճարում են, և նրանք տեղացիներ չեն։ Այդ ամենը մեզ շատ է անհագստացնում»,- նշել է Փսակին։
Պատասխանելով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու մասին հարցին՝ Փսակին նշել է, որ եթե նույնիսկ Ռուսաստանը փորձի ներխուժել Ուկրաինա, միևնույնն է, ԱՄՆ-ն մտադիր է լուծել բոլոր հարցերը միայն խաղաղ ճանապարհով։
«Մեր նպատակն է շարունակել դիվանագիտական ճանապարհը, եթե նույնիսկ ձեռնարկվեն քայլեր, որոնք անհանգստություն են առաջացնում»,- ընդգծել է դիվանագետը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ էր արել ուկրաինական ղեկավարությանը չմեղադրել Ռուսաստանին Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի համար։