Միջազգային 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կողմերին Սիրիայի հակամարտությանը վերջ դնելու կոչ է արել

analitik.am

Սիրիան քայքայման եզրին կանգնեցրած դաժան հակամարտության ընթացքում ցուցաբերված վայրենությունների մասին տագնապալից հաղորդագրությունների ֆոնին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է, որ հակամարտության կողմերն ու նրանց կողմնակիցները երաշխավորեն խաղաղ բնակիչների պաշտպանությունը՝ անկախ նրանց կրոնական, համայնքային եւ էթնիկ պատկանելությունից։ Այս մասին նշվում է Բան Կի Մունի՝ կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Սիրիայում շարունակվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումները, ինչի արդյունքում բազմաթիվ գյուղերի ու քաղաքների, ինչպես օրինակ՝ Քեսաբն է, բնակիչներ ստիպված են լքել իրենց տները։ «Գլխավոր քարտուղարը նաեւ չափազանց մտահոգ է այն փաստով, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառված տարբեր խմբավորումներ շարունակում են դաժան վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիական բնակչության նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։


Բան Կի Մունը նաեւ ընդգծել է, որ ծավալվող բռնություններն ավելի մեծ տառապանքներ ու ապակայունացում են ստեղծելու Սիրիայի եւ քաոսային վիճակ՝ ողջ ռեգիոնի համար։ «Գլխավոր քարտուղարը կրկին անգամ հորդորում է բոլոր սիրիացիներին եւ նրանց արտաքին կողմնակիցներին վերջ դնել ընթացող հակամարտությանը։ Հանուն Սիրիայում ապրող ընտանիքների ու համայնքների, Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ եւ առանց խոչընդոտների հասանելիություն ապահովել՝ տրամադրվող մարդասիրական օգնության եվ համապատասխան աշխատակիցների համար»,-նշվում է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան սիրիական, հիմնականում հայերով եւ ալեվիտներով բնակեցված Քեսաբ քաղաքի վրա երկրի ընդդիմադիր ուժերի ավազակային խմբավորումների կողմից լայնածավալ հարձակողական գործողություններ էին սկսվել։  Երկու խոշոր ահաբեկչական խմբավորումներ ներխուժել էին Սիրիա Թուրքիայի տարածքից։ Քեսաբի բնակչության մեծ մասը տարհանվել է Լաթաքիա։

Նույն շարքից