Միջազգային 

ԵԽԽՎ հանձնաժողովը հավանություն է տվել վեհաժողովում ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավունքից մինչեւ տարվա վերջ զրկելու մասին նախագծին

analitik.am

ԵԽԽՎ դիտարկման հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել Շտեֆան Շեննախի զեկույցի հիման վրա կազմված բանաձեւին, որտեղ առաջարկվում է մինչեւ տարվա վերջ զրկել վեհաժողովում ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավունքից՝ Ղրիմի միակցման պատճառով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավարի տեղակալ, Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։


Այնուամենայնիվ, հանձնաժողովը կողմ է քվեարկել պատժամիջոցի «թեթեւ տարբերակին»։ «Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ դեմ է քվեարկել բրիտանացի Ռոբերտ Ուոլտերի՝ ՌԴ պատվիրակության լիազորությունների ամբողջական սառեցման մասին առաջարկին։ Այսպիսով, 2014թ. ԵԽԽՎ-ում մեզ անդամակցությունից զրկելու փորձերը դիտարկման հանձնաժողովի մակարդակով չեզոքացվել են»,-Սլուցկիին վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։


Պատվիրակության ղեկավարի տեղակալը հույս է հայտնել, որ պրոֆիլային հանձնաժողովի քվեարկության արդյունքները հավանության կարժանանան վեհաժողովում։ Այնտեղ ՌԴ  պատվիրակության լիազորությունների հարցի շուրջ զեկույցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ ապրիլի 10-ին։


Սլուցկին չի բացառել, որ Ռոբերտ Ուոլտերը կրկին իր ուղղումն առաջարկելու փորձ կանի։ «Բայց, հանձնաժողովի քվեարկության բացասական արդյունքներն ունենալով, նրա համար շատ դժվար կլինի իր համոզմունքը թելադրել վեհաժողովին»,-նկատել է Սլուցկին։ Նրա խոսքերով, ԵԽԽՎ-ում սկսում է գերակշռել Ռուսաստանի հետ երկխոսելու դիրքորոշումը։

Նույն շարքից