Միջազգային 

Պենտագոնը հրապարակել է ռազմավարական սպառազինությունների կրճատման ծրագիրը

analitik.am

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը բացահայտել է ռազմավարական սպառազինությունների կրճատման ծրագիրը՝ հայտնում է Defense News-ը:

Մասնավորապես, ԱՄՆ-ը մտադիր է գործածությունից դուրս բերել 50 միջմայրցամաքային բալիստիկ Minuteman III հրթիռներ: Դա կարվի Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին պայմանագրի շրջանակում, որը Ռուսաստանի հետ կնքվել էր 2010-ի ապրիլին և ուժի մեջ մտել 2011-ի փետրվարին: 

Առաջիկայում ռազմաօդային ուժերն ու ԱՄՆ ռազմավարական հրամանատարությունը կորոշեն, թե որ արձակման կետերից դուրս բերեն հրթիռները: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում կան 450 հրթիռահորեր, որոնք գտնվում են երեք գոտիներում՝ «Մալստրոմ», «Ուորեն» և «Մայնոտ» ավիաբազաներ: Թե երբ կկատարվի կրճատումը՝ չի հաղորդվում: Պայմանագիրը պահանջում է ռազմավարական ուժերը նախատեսված վիճակի բերել 2018-ի փետրվարից ոչ ուշ:

ԱՄՆ ռազմաօդային ուժերը ծրագրում են 30 B-52H Stratofortress ռմբակոծիչները զրկել ռազմավարական կարգավիճակից: Վերափոխված ինքնաթիռները չեն կարող միջուկային սպառազինություն կրել: Այդ գործընթացի ավարտին ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպառազինությունում կմնան ռազմավարական կարգավիճակ ունեցող 66 ռմբակոծիչներ:

Համաձայն գործող պայմանագրի՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է կրճատեն միջուկային մարտագլխիկների ընդհանուր թիվը՝ հասցնելով 1550 միավորի, որից միայն 800-ը կարող է գտնվել գործածության մեջ:

Նույն շարքից