Միջազգային 

Նոր կառավարությունը որևէ բան չի փոխելու կառավարման համակարգում. Հարություն Մեսրոպյան

analitik.am

Այսօրվա ընդդիմության 90 տոկոսը նախկին իշխանավորներ են, թող իրենց կառավարման տարիներին փորձեին ինչ-որ բան անել, թող ժողովրդի լեզվով ասած՝ «կուկլա» Հայաստանի մի մասը կառուցեին: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ընդդիմության կողմից առաջ քաշվող իշխանափոխության պահանջին՝ այսպիսի տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

«Հայտարարություններով ու գնահատականներով չի: Ես շատ գործիչների՝ պետական կառավարման իմաստով, համարում եմ անհաջողակների ակումբ»,-ասաց նա:

Հարություն Մեսրոբյանի խոսքով՝ նոր կառավարությունը որևէ բան չի փոխելու կառավարման համակարգում, քանի որ անձերով պայմանավորված ոչինչ էլ չի փոխվելու:

«Բիլլ Գեյթսն էլ իր թիմով գա Հայաստան, եթե այս Կառավարության արդյունքը 0,1 % է, նրա դեպքում կլինի 0,15%: Դա միևնույն է՝ մեզ ձեռք չի տալիս»,-նշեց կառավարման փորձագետը՝ ավելացնելով, թե մեզ մոտ տնտեսական հիմնական կախվածությունը Ռուսաստանից է, ֆինանսական կախվածությունը՝ Միացյալ Նահանգներից: Հետևաբար, ըստ բանախոսի, այդ երկու կողմից եկող տարբեր ճնշումների պարագայում հարվածի տակ է ընկնում կառավարությունը:

«Ի՞նչ հզոր կառավարություն պետք է ունենանք, որ այդ հզոր կառույցների հետ գլուխ դնենք: Ո՞ւր է այստեղ ժողովրդավարությունը: Այս ամենում կան աշխարհաքաղաքական շահեր: Կառավարությունն այս խոշորագույն ճնշումների տակ ստիպված է աշխատել՝ և՛ դրսում, և՛ ներսում հենարաններ չունենալով: Կառավարությունը սկզբունքորեն օդից կախված մարմին է»,-հաղորդեց Հարություն Մեսրոբյանը՝ եզրակացնելով, թե այս կամ այն մարդու՝ վարչապետի նշանակումով մի դեպքում գահավիժումը լինելու է ավելի դանդաղ, մյուս դեպքում՝ ավելի արագ:

Նույն շարքից