Միջազգային 

Ֆրանսիացի օրենսդիրները կոչ են արել իրենց արտգործնախարարին պաշտպանել Քեսաբի հայերին

analitik.am

Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն դիմել իր երկրի արտգործնախարարին Սիրիայի հայաբնակ Քեսաբ շրջանում ահաբեկչությունների կապակցությամբ: Նա խնդրել է տեղեկությունների տրամադրել այն մասին, թե ին է պատրաստվում ձեռնարկել ֆրանսիական կառավարությունը, որպեսզի վերջ տա հարձակումներին ու պաշտպանի հայերին:


Ինչպես գրում է «Nouvelles d՝Arménie»-ն, ֆրանսիացի պատգամավորը նշել է, որ Քեսաբը մեկն է այն վերջին շրջաններից, որտեղ բնակվում են Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդներ, եւ որ այն հարձակման է ենթարկվել «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորմանը պատկանող իսլամիստ ծայրահեղականների կողմից: «Իսլամիստները պետք է պարտադիր անցնեին սահմանին մոտ թուրքական բանակի զորանոցներով, որպեսզի Քեսաբ հասենին: Ուստի հարձրակումը չէր կարող տեղի ունենալ առանց թուրքական իշխանությունների համաձայնության»,- հայտարարել է նա: Բուայեն հավելել է. «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին թուրքական իշխանությունների պատասխանատվությունն այդ ահաբեկչական հարձակումներում պետք է նորովի դիտարկվի, եւ վերջնական արդյունքում պետք է պատասխան գործողությունների հանգեցնի»:


Ֆրանսիայի արտգործնախարարին է դիմել նաեւ ֆրանսիացի սենատոր Ֆիլիպ Կալտենբախը: Իր հարցումում նա գրել է. «Անցյալում Ֆրանսիան միշտ ցանկացել է անվտանգությամբ ապահովել կրոնական փոքրամասնություններին, այդ թվում նաեւ քրիստոնյանեին, որոնք երկու հազարամյակ շարունակ բնակվում են այդ տարածաշրջանում: Ուստի հարկավոր է նպաստել, որպեսզի միջազգային հասարակությունը զգոնություն ցուցաբերի, եւ որպեսզի Քեսաբի բնակչությունը «Ջեբհաթ ան-Նուսրիի իսլամիստների կողմից որեւէ բռնության չենթարկվի»:


Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա սիրիական ընդդիմության զինված խմբավորումների կողմից հարձակում էր տեղի ունեցել Թուրքիայի տարածքից: Քեսաբի բնակչության մեծամասնությունը տարհանվել էր Լաթակիա:

Նույն շարքից