Միջազգային 

Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին. գերմանացի պաշտոնյա

analitik.am

Թուրքիան իր ընթացիկ քաղաքական վիճակով պատրաստ չէ և չպետք է դառնա Եվրամիության անդամ։ Նման հայտարարություն է արվել Քրիստոնեա-դեմոկրատական միությունում (ՔԴՄ), որը Գերմանիայի իշխող կուսակցությունն է, գրում է vestifinance.ru-ն։

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմնակից և Եվրախորհրդարանի ընտրություններում ՔԴՄ-ից առաջատար թեկնածու Դևիդ ՄաքԱլիստերը քննադատել է թուրքական իշխանությունների վերջին շրջանի գործողությունները (որոշ կայքերի արգելափակումը) և հայտարարել, որ Թուրքիան չպետք է անդամակցի ԵՄ-ին։

 

«Թուրքիան չի համապատասխանում ԵՄ-ի չափանիշներին։ Անկախ ընթացիկ բանակցություններից, ես չեմ կարող պատկերացնել Թուրքիային որպես ԵՄ-ի լիիրավ անդամ։ Խոսքը նրա մասին չէ, թե պատրա՞ստ է արդյոք հենց Թուրքիան անդամակցելու ԵՄ-ին։ Նա պատրաստ չէ։ Խնդիրն այն է նաև, որ Եվրոպան պատրաստ չէ ընդունել նրան։ Նման չափերի երկիրն ավելորդ բեռ կդառնա ԵՄ-ի համար՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով»,- ասել է ՄաքԱլիստերը։

 

Թուրքիայի վերաբերյալ մեկնաբանություններ հնչել են նաև Նիդեռլանդների խորհրդարանում. պատգամավորները կոչ են անում վերանայել երկրի պաշտոնական դիրքորոշումը Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Խորհրդարանականների կարծիքով՝ ԵՄ-ն պետք է դադարեցնի Թուրքիային միջոցներ հատկացնելը։ Նախաձեռնությունն արդեն ստացել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեի իշխող կուսակցության հավանությունը։

Նույն շարքից