Միջազգային 

Թուրքիայի փոխվարչապետը քննադատել է ԱՄՆ-ում ընդունված՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը

analitik.am

Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը մեկնաբանել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 1915 թ.-ի դեպքերին առնչվող բանաձևի ընդունումը, տեղեկացնում է T24 կայքը։

 

«Թեման ներքաղաքական քննարկման առարկա դարձնելը գեղեցիկ քայլ չէ»,-ասել է նա։

 

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև էր ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
 

Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը, թուրք լրագրողների հարցերին պատասխանելով, նշել է, որ Անկարան պաշտոնական հայտարարությամբ է հանդես գալու։

«Բայց 99 տարի առաջ Ամերիկայից շատ հեռու մի վայրում տեղի ունեցած իրադարձությունների մասին պնդումները, որի շուրջ գիտական աշխատանքներ չեն իրականացվել, և մենք պնդում ենք, որ նման բան տեղի չի ունեցել, այսօր ԱՄՆ-ի ներքաղաքական քննարկման նյութ դարձնելը հաճելի չէ»,-ասել է նա։

Ավելի վաղ՝ 2010 թ.-ին, նման մի բանաձև ընդունել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովը, ինչից հետո Թուրքիան հետ էր կանչել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանին։

 

Ալի Բաբաջանը նշել է, որ պաշտոնական Անկարան քննարկում է հետագա անելիքները։

Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքին առնչվող հարցին՝ Բաբաջանն ասել է. «Այսօրվա զարգացումներից հետո հարաբերությունների ընթացքը քննարկելը, կամ այսօր, այս պահին այդ մասին խոսելը ճիշտ չի լինի»։

 

Նա նշել է, որ բանաձևը շատ արագ է օրակարգ բերվել և «արագ է զարգացել», սակայն չնայած դրան՝ Թուրքիայի դեսպանատունն այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում։

 

Հիշեցնենք, որ ընդունված բանաձևի հարցով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն զանգահարել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին։

Նույն շարքից