Միջազգային 

Օբաման 6-րդ անգամ դրժեց ԱՄՆ-ի հայ համայնքին Հայոց ցեղասպանությունն ընդունելու վերաբերյալ տված խոստումը. CNN

Ամերիկյան հեղինակավոր CNN լրատվամիջոցն անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ տարածած ուղերձին, որում նա հերթական անգամ օգտագործել է «Մեծ եղեռն» արտահայտությունը՝ խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից։

 

Հոդվածագիր Ջեյք Թեփերը նկատում է, որ սա արդեն 6-րդ տարին է, ինչ Օբաման դրժում է դեռևս սենատոր եղած ժամանակ ԱՄՆ-ի հայ համայնքին Հայոց ցեղասպանությունն ընդունելու վերաբերյալ տված խոստումը։ Թեփերի խոսքով՝ Օբաման կրկին հօգուտ Թուրքիայի քայլ արեց՝ այդ երկրին ավելի կարևոր դաշնակից համարելով։

 

Այնուհետ հոդվածագիրն անդրադառնում է ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակի (ANCA) տնօրեն Արամ Համբարյանի արձագանքին՝ նշելով, որ Համբարյանը, ինչպես և այլ ամերիկահայեր, հիասթափված են դրանից։ 

 

Թեփերը հիշեցնում է, որ ամերիկահայերի հիասթափությունը գնալով ավելի հիմնավոր է դառնում, քանի որ սենատոր եղած ժամանակ Օբաման ոչ միայն խոստացել է ճանաչել Ցեղասպանության պատմական փաստը, այլև 2006թ. քննադատել է ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին՝ Հայաստանում Ամերիկայի դեսպան Ջոն Էվանսին պաշտոնից հեռացնելու համար՝ միայն այն պատճառով, որ վերջինս 1915թ. Թուրքիայի իրականացրած գործողությունները «ցեղասպանություն» էր անվանել։

 

«Ես պետքարտուղար Ռայսին հստակ հայտնել եմ իմ համոզմունքը առ այն, որ Հայոց ցեղասպանությունն անձնական կարծիք կամ սոսկ պնդում չէ, այլ հաստատված պատմական փաստ, որն անհերքելի է։ Ամերիկան արժանի է այնպիսի ղեկավարի, ով արդարացիորեն կխոսա Հայոց ցեղասպանության մասին։ Վստահ եմ, որ ես եմ այդ ղեկավարը»,-մեջբերում է հոդվածագիրն Օբամայի՝ նախկինում հնչեցված խոսքերը։
 

 

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման 1915թ.-ի դեպքերին առնչվող ամենամյա հայտարարության մեջ կրկնել է անցյալ տարվա ձևակերպումը՝ «Մեծ եղեռն»։

Նույն շարքից