G7-ի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան, Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հարցում կգործեն արագ ու համատեղ։ Այս մասին պայմանավորվածության են եկել «յոթյակի» առաջնորդները, հայտնում է Взгляд-ը:
Մասնավորապես, ինչպես նշվում է նրանց տարածած հաղորդագրության մեջ, նրանք պատրաստ են խստացնել Ռուսաստանի նկատմամբ արդեն իսկ սահմանված պատժամիջոցները՝ «հաշվի առնելով հաջորդ ամիս Ուկրաինայում խաղաղ ընտրությունների ապահովման անհրաժեշտությունը»։
Ավելի վաղ Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրի, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն երկուշաբթի կհնչեցնեն մի շարք ռուս պաշտոնյաների և ռուսական ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցները։ Ինչպես սպասվում է՝ ԱՄՆ-ի «սև ցուցակում» կընդգրկվի 15 անձ, որոնք «մասնակից են Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը»։
ԱՄՆ նախագահն ուրբաթ Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետների հետ հեռախոսազրույցների ընթացքում նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը։