Դեկտեմբերի 2-ին մեկնարկելու է 2018-2019թթ. մրցաշրջանի ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի պրոֆեսիոնալ առաջնությունը: Այս տարի առաջնությանը մասնակցում են հինգ թիմեր՝ «Լեո», «Արմենիա Թրավել», «Լոռի», «Արմավիր» և «Կումայրի»:
Այսօր ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն մասնակից թիմերի ներկայացուցիչների հետ, որը վարեցին ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանը և ՀՖՖ ֆուտզալի բաժնի պետ Վահագն Հարությունյանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը:
Քննարկվեցին մի շարք կազմակերպչական և տեխնիկական հարցեր, որոնք կապված էին առաջնության անցկացման, Կանոնակարգի և մրցավարության հետ: Մասնակիցներին ներկայացվեցին փոփոխված Կանոնակարգի դրույթները, քննարկվեցին հետագա փոփոխությունների հնարավորությունները: Հանդիպման վերջում Խորեն Զարգարյանը և Վահագն Հարությունյանը հաջողություն մաղթեցին բոլոր ակումբներին նոր մեկնարկող առաջնությունում :
Հավելենք, որ առաջին տուրի երկու հանդիպումերը կկայանան դեկտեմբերի 2-ին. Գյումրին ներկայացնող «Կումայրի» թիմը ժամը 14:00-ին Ա.Սարգսյանի անվան մարզադահլիճում կընդունի «Արմավիրին», իսկ Երևանի «Արմենիա Թրավել» թիմը «Դինամո» մարզադահլիճում կխաղա «Լոռիի» հետ: