Միջազգային 

Գերմանիայի մի շարք քաղաքներում ոգեկոչել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը

analitik.am

Գերմանիայում ապրիլի  24-27-ին տեղի են ունեցել Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ: Տեղեկացրնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: Ապրիլի 24-ին Գերմանահայ կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) նախաձեռնությամբ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Պաուլի անվան եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն, որին մասնակցել են Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը, Հեսսեն երկրամասում հավատարմագրված դիվանագետներ, Բունդեսթագի և Լանդթագի պատգամավորներ, Հեսսեն և Բադեն Վյուրթեմբերգ երկրամասերում ՀՀ պատվավոր հյուպատոսները, գերմանացի մտավորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: 


Ելույթներով հանդես են եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը, ԳԿԽ վարչության անդամ Մադլեն Վարդյանը և Բունդեսթագի պատգամավոր Դիթմար Նիթանը, ովքեր շեշտել են, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումն անթույլատրելի է: Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես է եկել Գեղարդ վանքի երգչախումբը: Հիշատակի խոսքով և հոգեհանգստյան աղոթքով հուշ-երեկոն եզրափակել է Հայ եկեղեցու Գերմանիայի թեմի փոխառաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը:


Ապրիլի 24-ին Բեռլինի երկու հայ համայնքների և ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ  Բեռլինի Ֆրանսիական տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ավանդական ոգեկոչման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել Գերմանիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Բեռլինի քաղաքային խորհրդարանի անդամներ, Բեռլինի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Բեռլինում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, լրագրողներ, գերմանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Բացման խոսքով է հանդես եկել Բեռլինի հայ համայնքի վարչության անդամ Վարդգես Ալյանաքը: ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանն իր ելույթում նշել է, որ  արդարադատությունն անհրաժեշտ է, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է և այն պետք է պատժվի, միայն ճանաչման ու զոհերի  իրավունքների վերականգնումով են ցեղասպանության զոհերի սերունդները տեսնում իրենց զոհված նախնիների հիշատակի հարգումը: Ելույթով է հանդես եկել նաև Բոխումի համալսարանի պրոֆեսոր Հյոլշերը: Միջոցառմանը դասական երաժշտական կատարումներով հանդես է եկել երգչուհի Հրաչուհի Բասսենցը: Ոգեկոչման արարողությունն ավարտվել է Հայ եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանի հակիրճ հիշատակի խոսքով և  հոգեհանգստյան աղոթքով:


Ապրիլի 24-ին  ԳԴՀ Շտուտգարթ քաղաքում Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառում:

ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների, Բեռլինում ՀՀ դեսպանության աջակցությամբ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կազմակերպել Գերմանիայի  Հերֆորդ, Լյուբեկ և Համբուրգ քաղաքներում: Հերֆորդ քաղաքում միջոցառումն անց է կացվել ապրիլի 24-ին Սուրբ Մարիա եկեղեցում: Ապրիլի 26-ի Լյուբեկ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու միջոցառմանը երաժշտական բացառիկ կատարումներով հանդես են եկել հայտնի գերմանացի երգեհոնահար Մայերը և հայ դուդուկահար Գ. Դաբաղյանը: Համբուրգ քաղաքում նշյալ ծրագրի շրջանակներում միջոցառումն անց է կացվել ապրիլի 27-ին:


Ապրիլի 26-ին Մյունխենի Քրեմեր մշակութային կենտրոնի սրահում Բավարիայի հայ համայնքի, Մյունխենում հայ եկեղեցու համայնքի և Հայկական հարցերի հաստատության նախաձեռնությամբ տեղի է ունեցել  Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել երկրամասի Լանդթագի պատգամավորներ, հասարակական-քաղաքական և լրատվական շրջանների ներկայացուցիչներ, Բավարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումն սկսվել է Մյունխենում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Այգիկ քահանայի  հիշատակի խոսքով: Ողջույնի խոսքով է հանդես եկել Մյունխենի Հայկական հարցերի հաստատության տնօրեն Ալիս Մարուխյանը: Ելույթներով հանդես են եկել դեսպան Հովհաննեսյանը և  Բավարիայի հայ համայնքի ղեկավար Անի Չաքրը: 

Նույն շարքից