Տնտեսություն 

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը՝ ԱՊՊԱ-ն չվճարելու տուգանքների մասին

analitik.am

Մի քանի տասնյակ վարորդներ այսօր տուգանվում են իրենց ավելի քան տասը տարի առաջ վաճառած մեքենաների ապահովագրական վճարները չվճարելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Նա նշեց, որ խնդիրը առաջացել է 2014թ-ի հունվարի 1-ից, երբ որոշում ընդունվեց, որ բոլոր մեքենաները պետք է ապահովագրվեն, անկախ նրանից` օգտագործվում են, թե՝ ոչ:

«Մարդիկ ժամանակին անվանափոխություն չեն արել մեքենան վաճառելիս ու հիմա չգիտեն, թե որտեղ է այդ մեքենան, գոյություն ունի՞, թե՝ չունի, բայց տուգանվում են: Նրանց վրա ամսական տուգանքներ է գալիս, մարդիկ չգիտեն, թե ինչ անեն, իսկ Ճանապարհային ոստիկանությունը նման մարդկանց ասում է՝ գնացեք գտեք ձեր մեքենան: Այսօր 21 տարի առաջ վաճառված զապորոժեցի համար նախկին սեփականատիրոջ վրա տուգանք է եկել»,-ասաց նա:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև տուժածներից մեկը՝ Սարգիս Մաճկալյանը, ով նշեց, որ դեռևս 1998-ին վաճառել է իր «Վազ 2105» մակնիշի մեքենան Մալաթիա տոնավաճառում, որից հետո գնացել են նոտարական գրասենյակ:

«Այն ժամանակվա օրենքների համաձայն, եթե «գեներալնի դավերնոստ» հանեինք, դա բավական էր մեքենան վաճառելու համար, բայց անվանափոխություն չենք արել, դա էր իմ սխալը, որը ես ընդունում եմ: Թող մի անգամ տուգանեն, էս հարցը պարզաբանեն, անցնի գնա: Ես որտեղի՞ց գտնեմ այդ մարդուն, որ իմանամ մեքենան ինչ է եղել, ու ինչքա՞ն կարամ վճարեմ գոյություն չունեցող մեքենայի համար»,- ասաց նա:

Նա ևս ընդգծեց, որ գնացել է ՃՈ և իրեն ասել են՝ «գնա գտիր մեքենադ»: Սարգիս Մաճկալյանը նշեց, որ իր կարծիքով ավելի ճիշտ կլինի, որ նմանատիպ բոլոր մեքենաների դեպքում ՃՈ-ն հետախուզում իրականացնի, գտնի մեքենաները և հարցը լուծում ստանա:

Նա նաև նշեց, որ տեղյակ չէ, գուցե գույքահարկ է կուտակվել այս տարիների ընթացքում:

Նույն շարքից