Միջազգային 

Էրդողանը Ֆեթուլլահ Գյուլենին կանչել է Թուրքիա

analitik.am

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կայսերի (Կեսարիա) կատարած այցին տեղական բնակչության հետ հանդիպման ժամանակ խոսել է օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից: Նա հավատ է հայտնել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուակցության (ԱԶԿ) թեկնածուն կհաղթանակի ընտրությունների առաջին իսկ փուլում:

 

Ինչպես հաղորդում է  «Հաբերլեր» լրատվական կայքը, ելույթում Էրդողանը խոսել է անցյալ դեկտեմբերի 17-ին Թուրքիան ցնցած կռուպցիոն գործողություններից և իր մրցակիցներին, ինչպես նաև Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել իր կառավարության դեմ գործողություններ կատարելու մեջ: «Նրանք մեզ թիկունքից խփեցին», -ասել է Էրդողանը:

 

Կայսերիից Յոզգաթ անցած Էրդողանը խիստ մեղադրանքներ է հնչեցրել Ֆեթուլլահ Գյուլենի հասցեին: Նա Գյուլենին կանչել է Թուրքիա: «Եթե մեղավոր չես, մեղք չես գործել, վերադարձիր Թուրքիա: Եթե սիրում ես Թուրքիան, եթե հայրենասեր ես, արի Թուրքիա», -ասել է Էրդողանը:

 

Թուրքիայում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան առաջիկա օգոստոսի 10-ին: Եթե նախագահի թեկնածուներից ոչ մեկը ձայների 51 տոկոսը չհավաքի, օգոստոսի 24-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը: Ենթադրվում է, որ ԱԶԿ-ը նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածու կառաջադրի կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

 

Թուրքիայի ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Ուրֆայում հայտարարել է, որ Էրդողանից նախագահ դուրս չի գա: Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն էլ հայտարարել է, որ «գողը չի կարող նախագահ ընտրվել»:

 

Նույն շարքից