Միջազգային 

Քննարկվել է Ուկրաինայի իրադրությունը

analitik.am

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի իրադրությունը: Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, Շոյգուն ԱՄՆ-ի նախարարին հավաստիացրել է, որ Մոսկվան Ուկրաինա ներխուժելու պլաններ չունի, տեղեկացնում է  BBC-ին:

 

Պենտագոնի մամուլի ծառայությունը նշում է, որ Հեյգելը վերստին կոչ է արել Ռուսաստանին «դադարեցնել ապակայունացնող ազդեցությունը Ուկրաինայի ներսում և նախազգուշացրել է, որ շարունակվող ագրեսիան էլ ավելի կմեկուսացնի Ռուսաստանին և կբերի դիվանագիտական ու տնտեսական ճնշման ուժեղացման»:

 

Բացի այդ, Հեյգելը խնդրել է Ռուսաստանին օգնել ԵԱՀԿ-ի զինվորական յոթ դիտորդներին ազատելու հարցում, որոնց Ուկրաինայի արևելքում պատանդ են պահում ռուսամետ աշխարհազորայինները:

 

Ինչպես հաղորդել է ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը, Հեյգելն ասել է, թե ՆԱՏՕ-ի գործողությունները «սադրիչ» բնույթ չեն կրում, դրանք ուղղված են դաշինքի միասնության ցուցադրմանը և դաշնակիցների պաշտպանողական հնարավորությունների մեծացմանը:

 

Շոյգուն իր հերթին «վճռականորեն հերքել է Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան դիվերսիոն-հետախուզական խմբերի ներկայության վերաբերյալ անհիմն պնդումները», նշել են ՌԴ պաշտպանության նախարարության ծառայությունում:

 

Շոյգուն արևելյան Եվրոպայում՝ Ռուսաստանի սահմանների մոտ, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի ակտիվության աճը գնահատել է՝ աննախադեպ:

 

Նույն շարքից